Իսկ դուք գիտե՞ք՝ ով է եղել Գիքորի իսկական նախատիպը
LifestyleՄենք գիտենք, որ...
Թումանյանի հանրահայտ պատմվածքի Գիքորը խեղճ լոռեցի երեխա էր, որը զոհ գնաց մեծ քաղաքի բարքերին: Այդպիսին էր նաև Գիքորի նախատիպ հանդիսացած անձը:
Իրականում այնքան էլ այդպես չէ:
Պարզվում է՝ Գիքորն իսկապես նախատիպ է ունեցել: Բայց այդ նախատիպի կերպարը լրիվ հակառակն է եղել: Իրականում Գիքորը, նույն ինքը` հետագայում հայտնի քրեական հեղինակություն Գրիգոր Մելիքյանը («Գոքոր», «Шипач» «Гога шрам», «Принц» եւ այլն), շատ ավելի հետաքրքիր եւ դրամատիկ ճակատագիր է ունեցել եւ վախճանվել է 1958թ.-ին Երևանում: Նրա հայրը սնանկացած ազնվական էր և եկել ու հանգրվանել էր իր նախնիների օրրանում` Լոռվա Դսեղում: Իսկապես նա իր որդուն` Գրիգորին տարել է Թիֆլիս` մարդամեջ մտնելու և որևէ գործի տեր դառնալու համար: Եվ հենց իր համագյուղացու հետ կապված այս դեպքն էլ Թումանյանը որպես ելակետային հիմք է ունեցել` հետագայում կերտելու իր անմահ «Գիքորը» պատմվածքը՝ մի քիչ փոխելով անունը:
չ փոխելով անունը: Թիֆլիսում Գոքորն իսկապես աշխատանքի է անցնում կտորեղենի խանութների ցանցի տեր Արտեմ Թումբարյանի տանը, բայց որպես գիշերային պահակ, այլ ոչ թե տանն ամեն տեսակ ծառայություններ մատուցող պատանյակ (ի տարբերություն գրական Գիքորի, նա արդեն չափահաս երիտասարդ էր` 21 տարեկան): Լինելով բնականից օժտված և աչքաբաց երիտասարդ, նա շատ շուտ ինտեգրվում է Թիֆլիսի հանցագործ աշխարհին: Գիշերային պահակի կարգավիճակը բավականին հարմար քողարկում էր իր համար, քանզի ցերեկները նա զբաղված էր մոլախաղերով և գրպանահատությամբ:
Առավոտից մի երկու պտույտ գործելով Հավլաբարի, Էլիայի եւ Օրթաճալայի շուկաներում՝ նա կեսօրին արդեն մի ողջ կարողության տեր էր լինում: Հետո նրա խումբը մինչև ուշ երեկո հանգստանում էր Թիֆլիսի պանդոկներում: Շուտով նա ընդհարվում է Արտեմի հետ` վերջինիս աղջկան գայթակղելու համար եւ հեռանում նրա տնից: Արտեմը հայտնաբերում է նաև, որ դատարկ է իր գանձատուփը:
Նույնիսկ խոշոր գումարի կաշառքով Գոքորի ընկերներին չի հաջողվում համոզել Արտեմի կնոջը` Նատոյին (Նաթելա Հարությունյան)՝ հետ վերցնել հայցադիմումը:
Հայտարարվում է համառուսաստանյան հետախուզում: Գոքորը պլաստիկ վիրահատության է ենթարկվում Ռոստովում, անճանաչելի է դառնում անգամ իր շատ ընկերների համար և շարունակում է ապրել Թիֆլիսում` կեղծ անձնագրով` Լևան Բուխարաշվիլի անվան տակ: Իսկ 1903-ին խոշոր կաշառքի և լայն կապերի շնորհիվ Գոքորին հաջողվում է իր վրայից հանել հետախուզումն ու կարճել քրեական գործը: Արդեն 1905 թվականին, երբ լրացել էր Գոքորի 28-ամյակը, նրան ամսավճար էր մուծում Թիֆլիսի առևտրականության մեծ մասը: Ի դեպ, «Գիքորը» պատմվածքում Թումանյանը հիշատակում է Գիքորի երկու համագյուղացիներին, ովքեր բերում են նրան Ծաղիկ կովի սատկելու լուրը:
Իրականում իսկապես այդ երկուսը եկել են Գոքորի մոտ, սակայն միանգամայն այլ նպատակով` հետ բերելու շուկայում պանրի վաճառքից գոյացած և կինտոների կողմից խլված գումարը: Բնականաբար, դրամը հետ է վերադարձվում, ինչին թշվառ ռամիկների համբավավոր համագյուղացին ավելացնում է դրա եռապատիկը: Մի անգամ՝ 1917թ.-ին, Գոքորը հանդիպում է Թումանյանին և կատակով ասում է, որ գրական Գիքորն իր սիրելի կերպարն է, և ինքը շատ կուզենար նմանվել նրան:
Հետագայում Գոքորը բնակվել է այլ երկրներում, անգամ աքսորված է եղել Սիբիր, նա ԽՍՀՄ-ի առաջին թագադրված օրենքով գողերից մեկն է եղել:
… Միայն շատ քչերը գիտեին Երևանում, թե ով էր այն ծերունին, ով մշտապես ընկերակցելով Ավետիք Իսահակյանին՝ զբոսնում էր Աբովյան փողոցում: Իսկ գիշերները նա պահակում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Երբեմն լինում էր Կոմայգում և հայրական աչքով ու գորովանքով հետևում գողական շարժման վերածննդին ու վերելքին:
Իր գործունեությունը նա սկսել էր որպես գիշերային պահակ, ու կյանքի վերջում էլ, լինելով թատրոնի պահակը, նա հաճախ էր կուլիսների հետևից չիբուխը ձեռքին ունկնդրում Թումանյանի «Գիքորի» բեմադրությունը` դեմքին թեթևակիորեն խաղացնելով քամահրական ու ներողամիտ ժպիտը: Ասում են, որ մահանալուց առաջ նա անդադար գոռում էր
– Ապի՜, նանի՜, Գալո՜, Միկի՜չ, Զանի՜, ե՛ս ձեր...
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը