«Արդարություն» կուսակցության հայտարարությունը՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին
PoliticsՎերջին տարիներին իշխանությունների կողմից վարվող ոչ լիարժեք քաղաքականության հետևանքները, ինչպես նաև Հայաստանում իշխանափոխությունից հետո Արցախում ընթացող քաղաքական գործընթացները մշուշ են սփռել երկրի բնականոն զարգացման վրա, խաթարել համերաշխ հասարակություն կառուցելու տեսլականը, որն իր հերթին առաջացնում է բազմաթիվ նոր մարտահրավերներ:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցությունը, որը ցանկացած արդյունքի դեպքում հեռու կլինի ժաղովրդի կամարտահայտությունից, է՛լ ավելի է խորացնելու հասարակության շրջանում առկա խմորումները:
Ամենևին չերկրորդելով տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացումը, որպես այդպիսին, հաշվի առնելով, որ առաջիկայում մեզ սպասում են առավել մասշտաբային ընտրություններ, հասարակության համերաշխությունը դիտելով գերնպատակ՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը ողջախոհություն և իմաստություն մաղթելով ընտրություններին պատրաստվող մեր քաղաքացիներին, հորդորում է գործել համերաշխության և խաղաղության մթնոլորտում, զերծ մնալ անձնական ամբիցիաներից, նեղ քաղաքական շահերից, գործել հանուն ամուր պետականության կայացման, ժողովրդի բարեկեցության, անվտանգ Արցախի ապագայի և հայտարարում է, որ չի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին:
Միաժամանակ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին նույնպես ձեռնպահ մնալ ընտրությունները կուսակցականացնելու և հանրությանը տարբեր ճամբարների բաժանելու մտադրություններից: