Գիտե՞ք, թե որքան են կշռում ամպերը
LifestyleՄենք գիտենք, որ...
Ամպերը շատ թեթև են, անկշիռ և այդ իսկ պատճառով հանգիստ լողում են երկնքում:
Իրականում դա այդպես չէ:
Ինչպես յուրաքանչյուր նյութ, ամպը ևս կշիռ ունի, ընդ որում՝ հաճախ ահռելի: Ամպերի առաջացման հիմնական պայմաններն են կոնվեկտիվ, վերընթաց հոսանքները, տուրբուլենտ փոխանակությունը և օդի՝ ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի են ունենում ջերմաստիճանի նվազում, խոնավության աճ։ Ամպերը առաջանում են, երբ երկրի մակերևույթից ջուրը գոլորշիանում է և բարձրանում երկինք, ապա այդ գոլորշին կոնդենսացվում է՝ առաջացնելով ջրի մանր կաթիլներ, որոնք էլ իրենց հերթին միանում են միմյանց և առաջանում է ամպ:
Այս ամենը տեղի է ունենում շնորհիվ մեծ բարձրություններում ջերմաստիճանի անկման: Ամպերը լողում են երկնքում, քանի որ նրանց խտությունը ցածր է սովորական մթնոլորտային օդի խտությունից, բայց, այնուամենայնիվ, նրանք բավականին ծանր են: Օրինակ՝ սովորական միջին կույտային ամպը (սպիտակ բամբականման ամպ) կշռում է մոտավորապես 500-800 տոննա:
Գիտնականները հաշվարկել են, որ կույտային ամպերի միջին խտությունը 0,5 գրամ/մետր խորանարդ է, սակայն ամպի խտությունը կապված է նրա տեսակի հետ: Փետրավոր ամպերը առավել ցածր խտություն ունեն, իսկ ահա կույտայինանձրևային ամպերի խտությունը բարձր է:
Ամպի քաշի ամենահեշտ հաշվարկը կարելի է կատարել կույտային ամպերի հետ, քանի որ սովորաբար նրանք ունեն համեմատաբար հասարակ ձև և չափեր:
Ավելի բարդ է հաշվարկել առավել մեծ խտություն ունեցող կույտային-անձրևային ամպերի կշիռը: Հաշվարկները ցույց են տալիս, որ նման ամպերը երբեմն անգամ կարող են ունենալ մինչև 1 միլիոն տոննա քաշ: Իհարկե, այս բոլոր հաշվարկները մոտավոր են:
Սովորաբար ամպերին նայելիս մեզ թվում է, թե նրանք այնքան էլ մեծ չեն, բայց մենք ամպը տեսնում ենք միայն հորիզոնական տեսակետից, իրականում, օրինակ՝ կույտային-փետրավոր ամպի բարձրությունը անգամ կարող է լինել մինչև 20 կիլոմետր: Հաշվարկված է, որ մեկ խորանարդ կիլոմետր ծավալ ունեցող այդպիսի ամպը կկշռի մինչև հազար տոննա, բայց իրականում դա ավելի քիչ է, քան կշռում է նույն ծավալը զբաղեցնող մթնոլորտային օդը. դրա կշիռը կլինի մեկ միլիարդ տոննա:
Բացի այն, որ ամպերի կշռի միավոր է վերցվում տոննան, կա նաև այլ հաշվարկի միավոր: ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի հետազոտությունների ազգային կենտրոնում հաշվարկներ են կատարել և պարզել, որ մեկ փետրավոր ամպի կշիռը մոտավորապես 100 փիղ է (կամ՝ միջինը 800 տոննա), իսկ կույտային-անձրևային ամպինը՝ 200 000 փիղ: Այս ամենը, իհարկե, ոչինչ է մրրիկի հետ համեմատած, որի կշիռը կարող է լինել մինչև 40 միլիոն փիղ:
Այդ թիվը 26 անգամ գերազանցում է ամբողջ երկրագնդում եղած փղերի գումարային կշռին: Իրոք, մեր գլխավերևում լողում են իսկական գիգանտներ, և լավ է, որ չեն ընկնում և վնասում մարդկանց:
Կարծիք կա, որ ամպը կշռում է այնքան, ինչքան կշռում է մարդկային երջանկությունը: Այսինքն, եթե ինչ-որ մեկը կարողացել է կշռել մարդկային երջանկությունը, ապա նա կարող է կշռել նաև ամպը: Ի վերջո, մարդկային երջանկությունը չափվում է միայն սրտի վիճակով: Նման բան կարելի է ասել նաև ամպերի մասին: Ուղղակի անհնար է կշռել բոլոր ամպերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը