Ավտոմեքենաների մաքսազերծումը կիրականացվի ամեն օր՝ առանց հանգստյան օրերի
ОбществоՕգոստոսի 1-ից մեքենաների մաքսազերծումը կիրականացվի ամենօրյա ռեժիմով: Նորագավիթի բաժինները սկսելու են աշխատել 7-օրյա գրաֆիկով: Բացի այդ, մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ են իրականացվելու նաև շաբաթ և կիրակի օրերին, իսկ «Մետեքսիմ» մաքսային պահեստն արդեն կահավորվել է և շատ կարճ ժամանակ անց ավտոմեքենաները կձևակերպվեն նաև հենց այս պահեստում, տեղեկացնում են: Այս մասին տեղեկություն է տարածել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը:
Նրա տեղեկացմամբ, եթե 2018թ-ին ներմուծվել էր մոտ 67 000 ավտոմեքենա, ապա այս տարվա վերջին յոթ ամիսների տվյալներով այդ ցուցանիշն արդեն գերազանցված կլինի, քանի որ ամսվա վերջի տվյալներով ձևակերպումների թիվը կկազմի շուրջ 70 000: Նման չափերի հասնող մեծաքանակ ներմուծումները, ըստ Շ. Ներսիսյանի, պայմանավորված են 2020թ-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով: Ինչ վերաբերում է այս ընթացքում կատարված աշխատանքներին, ապա ավելի վաղ կանխատեսելով ներմուծման աճը՝ 2019թ հունվար ամսից սկսած, Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանվել է 6-օրյա աշխատանքային ռեժիմ, ավելացել են նաև ձևակերպող տեսուչները:
«Սրան զուգահեռ, սկսեցինք նաև բավականին ակտիվ ավտոմեքենաներ ձևակերպել հանրապետության բոլոր մաքսատներում, ինչպես նաև ավտոմեքնաների բեռնաթափում իրականացրեցինք մաքսային պահեստներում: Եվ այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը՝ Նորագավիթում»,- ասվում է հայտարարությունում:
Ինչ վերաբերում է ապասվող փոփոխություններին, Շ. Ներսիսյանը նշել է, որ այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որը բարեհաջող կերպով իրականացվում է: Այն գործարկվելու ժամանակ ավտոմաքսատանը կգործեն բոլոր անհրաժեշտ պայմանները, կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ, հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Հանձնարարականն իրականություն դարձնելու համար արդեն իսկ մեկնարկել են լայնածավալ աշխատանքները և, ինչպես նախատեսվում է, մինչև տարեվերջ ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի:
Նշենք նաև, որ Նորագավիթի բաժինները 7-օրյա գրաֆիկով աշխատելու ժամանակ շաբաթ և կիրակի օրերին ևս կաշխատեն նաև բանկերը և ավտոմեքենա ներկրողներն իրենց մուծումներն իրականացնելու ժամանակ որևէ խոչընդոտի չեն հանդիպի: