Բանակն ու ԶՈՒ-ն կազմելու են անվտանգության ապահովման հիմնական բաղադրիչը. ԱԽ քարտուղար
ՔաղաքականՀայաստանի ազգային անվտանգության գործող ռազմավարությունը փոխելու պատճառները բազմաթիվ են: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Պատճառներից մեկը միջազգային հարաբերություններում տեղի ունեցած ֆունդամենտալ փոփոխություններն են: 2007 թ.-ին, երբ ռազմավարությունը գրվել է, այդ ժամանակ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում նման ճգնաժամ չկար, որը հիմա կա: Մյուսը` ռուս-վրացական պատերազմն է, Իրանի դեմ պատժամիջոցները, ապրիլյան պատերազմը, փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում: 12 տարի է անցել, ուստի անհրաժեշտ է նոր ռազմավարություն ունենալ»,- ասաց Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո հայտարարվել է, որ ՀՀ արտաքին քաղաքական կուրսում փոփոխություններ չեն լինելու և այդ տրամաբանությունն արտահայտված է լինելու ռազմավարությունում:
«Ազգային անվտանգության ռազմավարությունում կարևոր է մեր դիրքորոշումը հարցերի վերաբերյալ, մեր տեսլականը, մեր գործողությունները: Քաղաքական ուղղություններով որոշակի հստակություններ ունենք, բայց անհրաժեշտ է անվտանգության առումով որոշել ռազմավարական ուղղությունները: Բնականաբար, բանակն ու զինված ուժերը մեր ուշադրության կենտրոնում են, կազմելու են անվտանգության հիմնական բաղադրիչը, բայց դրանով չենք սահմանափակվելու: Անհրաժեշտություն կա անվտանգության կոնցեպտը որոշակի չափով ընդլայնելու»,- նշեց Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը հայտնեց, որ նոր ռազմավարության մեջ ֆիքսվելու է մեր ժողովրդավար պետություն լինելը:
Հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց հարաբերությունները ՀՀ իշխանություններն արևմտյան երկրների, Չինաստանի, ԱՄՆ հետ, Գրիգորյանը պատասխանեց. «Այն բոլոր ծրագրերը, որոնք նախկինում սկսել են ՆԱՏՕ-ի հետ, լինելու են շարունակական: ԱՄՆ մասով կա նոր նախաձեռնություն՝ ռազմավարական երկխոսության մասին, որը շատ հաջողված է:
ԵՄ հետ հարաբերություններում ավելացել է համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը մեծ հնարավորություն է: Ինչ վերաբերում է Չինաստանին, վարչապետի վերջին այցը շատ կարևոր էր: Մեր ռազմավարական ենթակառուցվածքներում Չինաստանն ակտիվ մասնակցություն կունենա, հիմա քննարկում ենք, թե Հայաստանն ինչպես կարող է օգտագործել չինական պոտենցիալը: Տարբեր ուղություններով ակտիվ աշխատանք է տարվում»: