Զորակոչվել է կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի. Արծրուն Հովհաննիսյանը՝ 2019թ. ամառային զորակոչի մասին
BlogԱվարտվեց 2019թ. ամառային զորակոչը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի:
«Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաեւ այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ եւ այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել են «Ես եմ ծրագրով»:
«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:
Կրթության եւ գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում:
Շնորհավորում ենք բոլորին եւ մաղթում բարի ծառայություն»,–նշել է նա: