Ծառայողական քննություն Յուրա Իվանյանի դեմ
ՔաղաքականՔննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապի մասին մամուլում ինֆորմացիա տարածվելուց հետո Քննչական կոմիտեն իր հերթին հաղորդագրություն տարածեց, նշելով, որ Յ. Իվանյանի ու Ա. Գրիգորյանի ազգակցական կապը պետք չէ կապել Ամուսարի գործի քննության հետ:
Iravaban.net կայքը ներկայացնելով օրենսդրությունը և վերլուծելով այն, նշել էր, որ Քննչական կոմիտեն նման հաղորդագրություն տարածելուց առաջ առնվազն պետք է հրապարակեր բարեկամական կապի ու դրանով պայմանավորված շահադիտական մոտեցման վարկածը բացառող նախնական ուսումնասիրություն իրականցներ և հրապարակեր:
Այսօր, սակայն, պարզ է դարձել, որ մամուլում բարձրացված հարցերն ուսումնասիրելու համար Քննչական կոմիտեն ծառայողական քննություն է սկսել:
Հուսանք, որ ժամկետնանց այս քննությունն ամեն դեպքում լույս կսփռի մամուլով բարձրացված հարցերի վրա և ի վերջո պարզ կդառնա նաև, թե իրականում ինչու էր Քննչական կոմիտեն որոշել «Լիդիան Արմենիա» ընկերության PR գործառույթն իր վրա վերցնել և նույնիսկ 3D հոլովակ պատվիրել, որն, իրականում, դուրս է իր լիազորություններից: