ՍԴ կայքում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը
ՔաղաքականՍահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը ։
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։
Փոխարենը ՍԴ–ն սահմանադրական ճանաչեց 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցին վերաբերող հոդվածը։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությամբ պայմանավորված կարգավորումներն անհրաժեշտ ամրագրում չեն ստացել Օրենսգրքում, ինչը հանգեցրել է նրան, որ իրավասու մարմինները որևէ պարտականություն չունեն պարզելու, թե արդյո՞ք այդ անձանց ներկայացված մեղադրանքը` նրանց մեղսագրվող արարքի տեսանկյունից, վերաբերում է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից բխող գործողությանը կամ անգործությանը, թե՝ ոչ: Ավելին՝ դրա հետևանքով դատական վերահսկողություն իրականացնող դատարանն այդ անձանց գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից պարտավոր չէ ստուգել մեղադրանքի իրավաչափությունն անգամ նրանց նկատմամբ կալանք կիրառելիս, թեև կալանքն առավել ինտենսիվ միջամտություն է նրանց անձնական ազատությանը:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն Օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է Օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու այլ իրավական հնարավորությունների բացակայության մասին:
Նման իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահի) նկատմամբ կարող է հարուցվել և իրականացվել քրեական հետապնդում, ինչպես նաև նրանք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության այնպիսի գործողությունների համար, որոնք բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից: Այսինքն՝ այդ անձանց կարող է առաջադրվել ոչ օրինական և չհիմնավորված մեղադրանք, որի դեմ նրանք օժտված չեն լինի նաև գործառութային անձեռնմխելիությամբ պայմանավորված արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությամբ:
Որոշման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։