Անչափահասին դրդել են գողության. Ննջասենյակի զգեստապահարանից գողացել է փող, ոսկյա զարդեր ու օծանելիք
ՀասարակությունՍեպտեմբերի 5-ին ոստիկանության Մեղրիի բաժնում մի կին հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը ննջասենյակի բաց պատուհանի ցանցը պոկելու միջոցով, մուտք են գործել տուն եւ ննջասենյակի զգեստապահարանում գտնվող զարդատուփի միջից գողացել ոսկյա զարդեր, օծանելիք ու մետաղադրամներ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մեղրիի քրեական հետախույզները բնակարանային գողությունը բացահայտեցին հաղորդման հաջորդ օրը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում ապրող մի անչափահաս, որին գողություն կատարելուն դրդել է համագյուղացի 21-ամյա մի երիտասարդ։ Նրանք հայտնաբերվել են։ Հայտնաբերվել է նաեւ գողոնը: Հանգամանքները քննությամբ պարզվում են։