Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջնակի դին
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում հայտնաբերվել է օրեր առաջ որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջնակի՝ Արեգա Մ․-ի դին։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, որը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:
Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի շրջակա տարածքում որոնողական աշխատանքներ էին իրականացվում: Նախօրեին որոնողական աշխատանքներում օգտագործվել էր դրոն, իսկ հաջորդ օրը մի քանի կիլոմետր շառավղով էին որոնողական աշխատանքներ իրականացվել։ Ստուգվել էին նույնիսկ այն սեփական տները, որտեղ մարդիկ չէին բնակվում։