Հյուսիս-Հարավի գործով մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի եղբորը
ՔաղաքականՀյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) և որոշում կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Հավելենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդիների մասով։