Պարտավոր էին առնվազն ազատ արձակել այն նույն հապճեպությամբ, որով մեկ տարի առաջ ձերբակալեցին․ Լեւոն Քոչարյան
ՀասարակությունՓաստորեն հայրս գտնվում է ապօրինի կալանքի տակ, եւ ամեն րոպեն, ամեն վայրկյանը ապօրինի է, նրանք կարծում եմ պարտավոր էին ՍԴ որոշումից անմիջապես հետո գումարել նիստ եւ առնվազն ազատ արձակել, ինչպես նաեւ կարճել ընդհանրապես գործը այն նույն հապճեպությամբ, ինչպիսի հապճեպությամբ ձերբակալեցին՝ հնարավոր բոլոր քայլերին գնալով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ ՍԴ որոշման հիմքով անհապաղ դատական նիստ չհրավիրվեց։
Լեւոն Քոչարյանը նաեւ հույս հայտնեց, որ այն, ինչ կատարվեց Մարտի 1-ի գործով նախորդ դատավորի՝ Դավիթ Գրիգորյանի հետ, չի ազդի ներկայիս դատավորի որոշման վրա․ «Իհարկե, ցավալի է այն, ինչ եղավ Դավիթ Գրիգորյանի հետ, ով ազատ արձակեց, եւ փաստորեն Աննա Դանիեբկյանն իր դիմաց ունի այդ փորձը՝ տեսնելով, թե ինչ է եղել այն դատավորի հետ, ով ազատ է արձակել, փաստորեն գործ է հարուցվել նրա նկատմամբ, լիազորությունները կասեցվել են։ Իհարկե, հույս ունեմ, որ այդ փորձը չի ազդի նրա որոշման վրա։ Որոշումից պարզ կլինի՝ ինչքանով է նրա վրա ազդեցություն ունեցել այն դառը փորձը, որ ունեցավ Դավիթ Գրիգորյանը»,- ասաց նա։