«Ցորենի դաշտ կա, կոմբայն չկա». գյուղ, ուր մարդաշատ է միայն նոյեմբերին․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
«Ժամը հինգից դաշտում եմ՝ մինչև տասը: Ու այդպես ամեն օր»… Մելսիկ Ալավերդյանն է՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 78-ամյա բնակիչը: Հոգսերով լի առօրյան, գրեթե բոլոր գյուղերին բնորոշ խնդիրները դժվարացնում, բայց չեն խանգարում 78-ամյա բնակչին արարել ու դաշտի ծանր աշխատանքն անել անգամ այս տարիքում:
Ժպիտով ու մեր օրերին ոչ այդքան բնորոշ լավատեսությամբ է ասում՝ «1941 թվականից էստեղ եմ՝ էս գյուղացի եմ, ոչ մի տեղ չեմ գնացել»:
Մելսիկ Ալավերդյանը նաև խանութ ունի, որի դիմաց էլ կանգնած էր զրույցի ժամանակ:
«Ես այգեգործ եմ, այգի ունեմ, ցորեն, սիմիդ, գարի եմ ցանում, լավ վազ ունեմ՝ ամեն ինչ, էս խանութն էլ կինս է աշխատացնում: Բայց շարժ չկա, գիտես, «սուտի» վազ ենք տալիս»,-ասում է նա:
Մելսիկ Ալավերդյանն աշխատանք ունի, բայց կան հարցեր, որոնք անհանգստացնում են նրան:
«Մարդկանց տեխնիկա է պետք, որ հողը վարեն, ցանեն… Երևակայի՝ չկա: Հետո պիտի գործատեղ լինի, մարդիկ «ռոճիկ» էլ ստանան: Մի 100 հոգի որ «ռոճիկ» ստանա, լավ կլինի, ոչ մի բան չկա, բայց արտագաղթ կա:
Տես՝ գյուղում մարդ չկա՝ սաղ դրսում են»,-ասում է նա ու ցույց տալիս գյուղի դատարկ փողոցները:
«Բայց որ դու մեր գյուղ նոյեմբերին գաս, չէ, կտենաս, որ մարդաշատ է: Գյուղը սիրում ա, որ գյուղամեջը մարդաշատ ա լինում: Գիտես, հույս ունեինք, որ բան կփոխվեր հեղափոխությունից հետո, բայց ոչ մի բան չի փոխվել, մեր կողքին ոչ մի բան չի փոխել՝ ձևը նույննա՝ էսա»,-պատմում է բնակիչը:
Գյուղում շատերն են առևտրով զբաղվում, բայց, ըստ Մ. Ալավերդյանի, առաջնահերթը աշխատատեղի անհրաժեշտությունն է:
«Առևտուր են անում, բայց շարժ չկա… Փող չկա՝ շարժ էլ չկա: Նեղանալու չի ժողովրդից: Կառավարությունը, գյուղի համայնքը մի բան գոնե պիտի անեն: Որ մի տրակտոր, մի կոմբայն բերեն, ամեն ինչ կամացկամաց կդզվի, բայց չկա: Ժողովուրդն արդեն զզվել է, ցորեն է ցանել՝ կոմբայն չկա, որ հնձի:
Տեխնիկան ժողովրդին զզվացրեց՝ ցորենի դաշտ կա, կոմբայն չկա:
Ջրելն էլ թանկ է: Նասոսով ժամը 4000 դրամ է, բա դա գին է՞: Գետն էլ թշնամու համար է գնում:
Բայց առաջ, հիշում եմ, պիտի Ղազախի ռայկոմի քարտուղարը խնդրեր, որ երկու նասոս անջատեինք, որ ջուրը գնա Ղազախ:
Հիմա ամբողջը Ղազախ է գնում, ո՞վ է տերը, ո՞վ տիրականը…»,-ասաց նա:
Խնդիրներին զուգահեռ՝ բնակչին զայրացնում է նաև այն հանգամանքը, որ երիտասարդները ինչ-որ բան ստեղծելու, աշխատելու ցանկություն չունեն:
«Կառավարությունը պիտի ստիպի ժողովրդին, ասի՝ էս հողը դու ես վերցնում, էս վազը՝ դու: Պիտի հարցնի՝ ի՞նչն է պատճառը, որ չես աշխատում ու հասկանա՝ որն է խնդիրը: Մի քանի մարդ են աշխատում՝ էն էլ իմ նման մեծերը: Ջահելությունը սեր չունի…
Բայց պիտի հետևից ընկնես՝ ասես՝ տղա՛ ջան, ինչի չե՞ս աշխատում, քո գործը որնա՞: Ես հիշում եմ՝ 74 թվին մեր գյուղից երկու հոգու դատեցին: Ընկերական դատ էր. աշխատանք կար՝ չէին աշխատում»,-կես կատակ հիշում է բնակիչը:
78-ամյա Մելսիկ Ալավերդյանի կողքին 32ամյա Արկադի Դալլաքյանն է: Ալավերդյանների խանութի ուղիղ դիմաց իր խանութն է՝ անունը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ «Ժաննա դ'Արկ»: Թե ինչու հենց այս անվանումը՝ Արկադին ծիծաղով ասում է՝ պատասխան չունի:
«Քրոջս անունը Ժաննա է, դ'Արկ-ն էլ ինքնա ավելացրել»,-կատակում է Արկադին: Ընդգծում է՝ 10 տարի արտագնա աշխատանքի է գնացել, բայց որոշել է այս տարի դուրս չգալ երկրից ու մնալ հարազատ գյուղում:
«Համենայն դեպս, ուրիշ աշխատանք չկա, մենք էլ ձգտում ենք գոնե առևտրով զբաղվել: Վատ լինի, թե լավ, ուրիշ ելք չկա: Համալսարանն ենք ավարտել, բայց ուզած- չուզած՝ էս գործով ենք զբաղվում: Ես հույս ունեմ, որ այստեղ ավելի լավ կլինի, սպասելիքներ ունեմ: Հետո դրսում նույն աշխատանքն ենք, էլի, անում:
Բայց եթե կարող ենք մեր հողում աշխատել, ինչ-որ բանով օգտակար լինել, ինչո՞ւ չմնանք այստեղ»,-պատմում է Արկադին:
Գյուղի երիտասարդ բնակչին երկու հարց է հուզում: Առաջինն այն խնդիրն է, որն անհանգստացնում էր նաև գյուղի ավագ սերնդի ներկայացուցչին:
«Մարդիկ ցորեն են ցանում, բայց կոմբայն չունեն, որ ժամանակին հնձեն, վարելահողերը մնում են: Ուրիշ գյուղից են գալիս, փող ենք տալիս ու վարձակալում տեխնիկան: Մյուսը Մակարավանքի՝ կիսատ թողած ճանապարհն է, որը եթե սարքեն, տուրիստական մեծ հոսք կապահովի»,-եզրափակեց բնակիչը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում