Էտ հարեւանի պատմությունն է. հիմա վա՞տ է, որ Գյումրիում աշխուժություն է մտել, հետո էլ Վանաձորում կմտնի. Փաշինյան
ՔաղաքականՀիմա վա՞տ է, որ Գյումրիում աշխուժություն է մտել, հետո էլ Վանաձորում կմտնի, հետո էլ Կապանում, բոլոր տեղերն էլ կմտնի, ինձ համար քաղաքների միջեւ տարբերություն չկա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք որեւէ քայլեր արվում են Հայաստանի երրորդ քաղաք՝ Վանաձորում աշխուժություն մտցնելու ուղղությամբ։
Դիտարկմանը, որ Կառավարությունը կենտրոնացել է Գյումրիում աշխուժություն մտցնելու ուղղությամբ, Փաշինյանն ասաց. «Էտ հարեւանի պատմությունն է։ Հիմա վա՞տ է, որ Գյումրիում աշխուժություն է մտել, հետո էլ Վանաձորում կմտնի, հետո էլ Կապանում, բոլոր տեղերն էլ կմտնի։ Կարեւորը՝ պրոցեսն է։ Մի ժամանակ ասում էին, ինչո՞ւ ուշադրություն չեք դարձնում Գյումրիին, հիմա էլ ասում են՝ շատ եք ուշադրություն դարձնում։ Բոլորին էլ ուշադրություն դարձնում ենք։ Ինձ համար Հայաստանի քաղաքների եւ բնակավայրերի մեջ երբեք տարբերություն չի եղել»,- ասաց վարչապետը։
Հարցին՝ հանքարդյունաբերությունը մարդկանց առողջության վրա որքանով է ազդում, արդյոք պետությունը պատրաստվում է գնահատում իրականացնել, եւ դիտարկմանը, Փաշինյանն ասաց.
«Եկեք հանքարդյունաբերությանը հանգիստ թողնենք, հաշվե՞լ ենք ծխելը որքան է ազդում մարդկանց վրա, հաշվե՞լ ենք անառողջ ապրելակերպն ինչքան է ազդում մարդկանց վրա, մեքենաների ծուխը որքան է ազդում, ամեն ինչն էլ վնասում է։ Ուզում եմ մի նորություն ասել բոլորիս, սիրելի հայրենակիցներ քաղաքակրթության բոլոր դրսեւորումները վնաս են շրջակա միջավայրին։ Նույնիսկ գիրը, որ ստեղծվել է, դա վնաս է բերել, որովհետեւ ծառերը կտրել են, թուղթ են ստեղծել ու այդ թղթի վրա ինչ-որ մտքեր գրել։ Առաջարկում եք գնանք բրոնզե դար ապրե՞նք։ Այդ բոլոր վնասների ռիսկերը պիտի կառավարվեն։ Այդ մանիպուլյացիաներին վերջ տանք»։