ԱԳ նախարար Մնացականյանը եւ Լիտվայի վարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ համաձայնագրի շրջանակում գործակցության շուրջ
ПолитикаՊաշտոնական այցով Լիտվայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ընդունել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Վարչապետ Սկվերնելիսը և նախարար Մնացականյանը դրական են գնահատել Հայաստանի և Լիտվայի միջև հաստատված գործընկերային հարաբերությունների և տարբեր մակարդակներում երկխոսության բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ երկուստեք առկա է պատրաստակամություն՝ պահպանելու այդ դինամիկան և առավել խորացնելու համագործակցությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լիտվայի վարչապետին ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Լիտվայի վարչապետ Սաուլիս Սկվերնելիսը հանգամանալից մտքեր են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ։ Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնել է ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում Լիտվայի հաստատակամ աջակցության համար։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխահային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների վրա և հույս հայտնեց, որ լիտվական կառավարությունը և առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը:
Տարածաշրջանային հարցերի համատեքստում երկուստեք ընդգծվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։