Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացողներ» արտահայտությունն ունի կոնկրետ հասցեատերեր. ԲԴԽ նախագահ
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացող» դատավորների մասին արտահայտությունն ուներ կոնկրետ հասցեատերեր, և հանրությունը գիտի՝ ովքեր են նրանք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ԲԴԽ անդամների եւ Երեւանի առաջին ատյանի դատավորների հետ հանդիպումից հետո։
ԲԴԽ նախագահն ասաց, որ ինքը դատավորներին ուղղված վարչապետի արտահայտությունից չի վիրավորվել. «Քանի որ գտել եմ, որ դա ինձ եւ շատ-շատ դատավորիների չի վերաբերում։ Այդ բառակապակցությունը ուներ թիրախ, եւ ես ասել եմ, որ մենք էլ, հանրություն էլ գիտենք՝ դա ում էր հասցեագրված»։
Հարցին՝ ինչպես կգնահատի այն փաստը, որ վարչապետի արտահայտության հասցեատերերը շարունակում են աշխատել որպես դատավորներ, Վարդազարյանը պատասխանեց. «Նորմալ է, թե՝ ոչ, ես չեմ հասցեատերն այդ հարցի»։