Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սաեյմայի խոսնակի և Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ
PoliticsՍեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն հայտնեցին խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ՝ կարևորելով տարբեր մակարդակներում կանոնավոր երկխոսությունը։ Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ իր այցը Լատվիա լավ հնարավորություն է՝ ուղենշելու համագործակցության նոր հարթակները և երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերը:
Անդրադարձ կատարելով Հայաստանում ժողովրդի լայն մանդատի շրջանակներում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ որպես կարևոր առաջնահերթություն նախարար Մնացականյանը նշեց դատաիրավական համակարգի բարեփոխումը։
Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ որպես իրավական նոր հենքի կարևորությունը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ օրեցօր ամրապնդվող փոխգործակցության համատեքստում: Կողմերն անդրադարձ կատարեցին նաև Արևելյան գործընկերության տասնամյա հոբելյանին, ԱլԳ շրջանակներում գրանցված հաջողություններին և համագործակցության այս ձևաչափի զարգացման տեսլականին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումների ու մոտեցումների շուրջ:
Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։
Նախորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին, նախարար Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, օրենսդիր մարմնի փոխնախագահ Մարիա Գոլուբևայի և խմբի որոշ անդամների հետ։
Զոհրաբ Մնացականյանը և Մարիա Գոլուբևան դրական գնահատեցին Հայաստանի և Լատվիայի միջև խորհրդարանական ձևաչափով համագործակցության ներուժը։
Զրուցակիցներն անդրադարձան Լատվիայի հասարակական-քաղաքական կյանքում մեծ դեր ունեցող հայ համայնքին՝ արժևորելով վերջինիս կամրջող դերակատարությունը երկու երկրների միջև հարաբերություններում։ Անդրադարձ կատարելով իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարությունը: