Հոգեւոր կյանքի եւ հայրենասիրության դասեր եմ ստացել Վեհափառից․ նախագահ Սարգսյանը՝Գարեգին Ա-ի մասին
ՀասարակությունՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել երջանկահիշատակ Տ․Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին եւ հիշատակի միջոցառումներին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, որից հետո նախագահ Սարգսյանը հանդես է եկել հիշատակի խոսքով։
Նախագահը հիշել է, որ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ շփումներից մեծապես տպավորված էին նաեւ արտերկրի գործընկերներն ու գործիչները, որոնց հետ հանդիպումներում նույնպես նա փայլուն ներկայացնում էր մեր ողջ ժողովրդի պատմությունը եւ նրանց դարձնում Հայաստանի լավ բարեկամներ։
«Երբ Վեհափառն արդեն ծանր հիվանդ էր Համաշխարհային բանկի այն ժամանակվա նախագահ Ջեյմս Ուոլֆենսոնը պաշտոնական այց կատարեց Հայաստան, որի իրական նպատակներից մեկը Վեհափառին տեսնելն էր մահվանից առաջ։ Նույն կերպ Բիլ Քլինթոնը տարիներ շարունակ ինձ հիշեցնում էր Վեհափառի հետ իր փայլուն հանդիպումը եւ այդպես շարունակ,-պատմել է նախագահը։-
Երբ ես վարչապետ էի, ամեն երկու-երեք օրը մեկ աշխատանքի վերջում Վեհափառի հետ հանդիպում էինք նրա երեւանյան առանձնատանն ու երկար զրուցում։ Վեհափառը մեծ հայ էր, մեծ մարդ եւ հսկայական հետք է թողել։ Վեհափառը կա եւ ապրում է, ապրում է մեզնից յուրաքանչյուրի հետ։ Ապրում է իմ ընտանիքի եւ ինձ հետ»։