Մոդուլային փորձնական մանկապարտեզ ենք կառուցում, եթե լինի էֆեկտիվ, լայն ծավալով կիրականացնենք․ Փաշինյան
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հետ։
«Սա շատ կարեւոր հանդիպում է, որը պլանավորվում էր դեռ անցյալ տարվանից։ Կարող եմ ասել, որ հենց օդանավակայանից դուրս գալուց հետո առաջին րոպեներից զգում էի այն մթնոլորտը, որը ձեւավորված էր այս օրերին Լոս Անջելեսում։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի, պատրաստակամության համար։ Ես այսօր դեռ երկար խոսելու առիթ ունենալու եմ, հանրահավաքին դեռ մանրամասն ելույթ եմ ունենալու, այս հանդիպմանը կուզեի ավելի շատ լսողի կամ պատասխանողի դերում լինել։ Հույս ունեմ, որ դեռ էլի հանդիպելու առիթներ կունենանք, եւ մեր հանդիպումները ավելի գործնականացնելու, կոնկրետ գործնական հարցեր քննարկելու և այսօր էլ եթե կարող ենք անցնել այդ գործնական հարցերի քննարկմանը, ես դեմ չեմ, կողմ եմ, բայց չեմ ցանկանում կանխորոշել հանդիպման ընթացքը»,-նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ կրթության ոլորտում խորը փոփոխություններ պետք է իրականացվեն, եւ դրանք չպետք է լինեն հատվածական․ «Այն քաղաքական եւ տնտեսական խնդիրները, որ մենք մեր առաջ դրել ենք, անհնար է լուծել առանց կրթության ոլորտում շատ խորը փոփոխությունների։
Մեր կարծիքով՝ կրթությունը սկսում է նախակրթարանից, եւ մեր երեխաները նախակրթարանից կրթական պրոցեսի մեջ լինեն։
Փառք Աստծո, մենք բյուջեի եկամուտները զգալիորեն ավելացնում ենք, մեր տնտեսական աճի տեմպերը մեզ հույս են տալիս, որ մենք կկարողանանք այդ խնդիրները շոշափելի եւ տեսանելի կերպով լուծել»։