«Եթե հի­մա ակ­ցի­ա­ներ իրա­կա­նաց­նե­ինք, իրա­վի­ճակն ար­հես­տա­կա­նո­րեն լար­վե­լու էր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամուլսարում հանքավայրի վերաշահագործման շուրջ կրքերը հանդարտվել են: Համեմատաբար լուռ են բոլոր կողմերը՝ Ջերմուկ համայնքի բնակիչները, կառավարությունը, «Լիդիան» ընկերությունը: Արդյո՞ք սա լռություն է մեծ փոթորկից առաջ, դժվար է ասել:

Շրջակա միջավայրի նախարարությունը դեռևս սեպտեմբերի սկզբին գրությամբ դիմել էր վարչապետի աշխատակազմին, որով առաջարկվում էր Ամուլսարում նոր ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական տալ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: 

Սեպտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, երբ Ջերմուկի բնակիչներին խնդրում էր ապաշրջափակել Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, նաև տեղեկացրեց, որ հանձնարարել է բնապահպանության տեսչական մարմնին՝ Ամուլսարում ստուգումներ սկսել: Օրերս էլ «Իմ քայլը» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ խոսվել է նաև Ամուլսարի հանքի շահագործման մասին և վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում են ընթանալ: 

«Չկա ընդհանրապես հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված, խնդիրը դրված է օբյեկտիվ կերպով հասնել ճիշտ ճանապարհին»,-ասաց նա:

Հետաքրքրական է, իհարկե, այն, որ հիմա, երբ հստակ որոշում չկա Ամուլսարի հանքը վերաբացելու մասին, «Լիդիան Արմենիան» դիմել է ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: 

Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունից տեղեկանում ենք, որ նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: 

Ամուլսարում հանքի շահագործման դեմ պայքար մղող, Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ հանքի վերաշահագործման դեմ հանդես եկողներն իրենց քայլն արել են դեռևս սեպտեմբերի 20-ին: 

«Ցույց տվեցինք, որ ի վիճակի ենք մասշտաբային ակցիաներ անել, բայց որոշվեց նման գործելաոճը չշարունակել: 

Այս պահին, ինչպես հասկանում ենք, խնդրի հետ կապված որոշակի լուծում չի լինելու, ուստի անիմաստ է ակցիաներով լարել իրավիճակը կամ էլ ցնցումների տանել: 

Երբ Ջերմուկում ակցիա կազմակերպեցինք, Երևանում ավելի մեծ ակցիաներ կազմակերպվեցին: 

Դա կարող էր երկրում խառը իրավիճակ ստեղծել: Դադարեցրել ենք մեր ակցիաներն ու ասել՝ մինչև կառավարության կողմից կոնկրետ քայլ չլինի, օրինակ՝ ճանապարհ բացելու կամ այլ, մենք քայլեր չենք անելու»,-ասում է Բունիաթյանը:

Նա հիշեցնում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հանձնարարվել է նոր ստուգումներ անցկացնել: 

«Տեսչական մարմնի որոշումը մեզ չի հետաքրքրում այն առումով, որ միևնույն է՝ կլինի այն մեր օգտին, թե ոչ, մենք մեր որոշումը վաղուց կայացրել ենք: 

Կառավարությունն ուզում է, որ տեսչական մարմնի կայացրած որոշումն իր համար հիմք հանդիսանա: Հասկանում ենք, որ որոշումը քննարկելու համար ժամանակ է պետք: 

Կլինեն նոր ստուգումներ, որոնք կտևեն մոտ 90 օր, հետևություն ենք անում, որ մի քանի օրում այս հարցին լուծում չի տրվելու: 

Այս պահին ակցիաներ իրականացնել, նշանակում է՝ արհեստական լարել իրավիճակը, որովհետև, այսպես, թե այնպես, մինչև կառավարությունը չունենա տեսչականի որոշումը, որոշում չի կայացնելու:

Երբ պահը կհասունանա, կտեսնենք, որ այլընտրանք չկա, կառավարությունը որոշել է ամեն գնով հանքը բացել, մեր ակցիաները կկազմակերպենք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վերջին օրերին համացանցում տեղեկատվություն հայտնվեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության աշխատակիցը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ Ամուլսար բարձրացած արշավախմբի ղեկավարի դեմ։ 

Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության աշխատակիցը հայտնել է, թե լեռնագնացների կողմից ներխուժում է կատարվել Ամուլսարի տարածք, և հնարավոր է՝ գողություն կատարված լինի։

Բունիաթյանը դեպքի հետ կապված նշում է, որ ոստիկանություն դիմելու պատճառների մասին հստակ մեկնաբանություն կարող է տալ հենց «Լիդիան» ընկերությունը: 

«Բայց մի բան ակնհայտ է: Սարը որևէ մեկի սեփականությունը չի: Ընկերությանը ժամանակին թույլ է տրվել հանքարդյունաբերություն իրականացնել, բայց Ամուլսարը «Լիդիանի» սեփականությունը չի: 

Եթե մի քանի հոգի բարձրանան սարը, և ընկերությունը կասկածի, որ կարող են, օրինակ, գողություն կատարել, քանի որ իրենք այնտեղ տեխնիկա ունեն, դա հարցի մյուս կողմն է: 

Բայց երբ սար են բարձրանում արշավախմբեր, կանայք, դպրոցականներ, մի տեսակ ծիծաղելի է գույքի վնասման կամ գողության մասին բողոք ներկայացնելը»,-եզրափակում է Շիրակ Բունիաթյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել է 8 952 մարդու մոտ․ Ռիա Նովոստի Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթի օրը հայտնի է Պարետը նոր որոշում է կայացրել Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան Եկել է համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը․ Փաշինյան (տեսանյութ) Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան Հաշված օրեր անց Արթուր Վանեցյանը կստանձնի արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդի դերը Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թեւանյան Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան
website by Sargssyan