Բոլորը ճանապարհ են փակում, ասում են, այդ ո՞նց է վարչապետը կարող է ճանապարհ փակել, մենք ոչ. Փաշինյան
ՀասարակությունԱսացի՝ այս տարի խաղողի մթերման հետ խնդիր չկա, ասացին ո՞նց չկա, հեսա կստեղծենք ու ճանապարհները փակեցին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարարներից մեկի այն դիտարկմանը, որ աղավնաձորցիները դժգոհում են խաղողի մթերումից։
Գործարարը բողոքեց վարչապետին, որ անցյալ տարի Աղավնաձորից խաղողը գնել է գյուղացու առաջարկած գնով, սակայն այս տարի չի պատրաստվում նույնը կրկնել, քանի որ արդյունքում ինքն է տուժում։
Նրա խոսքով՝ անթույլատրելի է այդ երեւույթը եւ որ վաղն Արարատյան դաշտավայրն է ճանապարհ փակելու, ինչին վարչապետը պատասխանեց. «Բոլորը ճանապարհ են փակում ասում են, այդ ո՞նց է վարչապետը կարող է ճանապարհ փակել, մենք ոչ։ Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել՝ որպես հակաքայլ»։
Փաշինյանը նաեւ խոսեց գյուղացի–գործարար փոխգործակցության մասին՝ այն համարելով արդյունավետ աշխատանքի կարեւոր պայմաններից մեկը. «Եթե խաղող արտադրողը եւ խաղող մթերողը չարձանագրեն, որ իրենք պարտնյոր են եւ մեկն առանց մյուսի չեն կարող գոյություն ունենալ եւ հաջողություն ունենալ, բան չի փոխվի։ Եթե գործարանը սնանկացավ, հետո գյուղացին ինչքան ուզում է թող ճանապարհ փակի, այդ մթերողը չկա ի վերջո, հո՞ կառավարությունը չի մթերելու, տանի Մելիք-Ադամյանի նիստերի դահլիճում խաղողը պահեստավորի»։