Տավուշում կիրականացվեն ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրեր
ОбществоՀայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել «Հայ -ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպության անդամ Ժոզ Միլենեղիի հետ։ Այս մասին տեղեկանում են Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։
Հանդիպման ընթացքում Ժոզ Միլենեղն առաջարկեց կրթության ոլորտում ֆրանսերեն լեզվի զարգացման համար քայլեր ձեռնարկել, ստեղծել մի խումբ, որտեղ ներգրավված կլինեն ֆրանսերենի ուսուցիչներ և դասախոսներ։ Ծրագրի նպատակն է վեր հանել և ներկայացնել մարզում ֆրանսերենի դասավանդման խնդիրները, իսկ «Հայ-ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպությունն իր հերթին կփորձի լուծել այդ խնդիրները։
Հայկ Չոբանյանը հայտնեց իր պատրաստակամությունն ու աջակցությունը՝ ծրագրի իրականացման գործում: Համագործակցության արդյունքում ֆրանսերենի դերը կբարձրանա մարզում։
«Հայ-ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպությունը 20 տարի է, ինչ կազմակերպությունը համագործակցում է Ֆրանկոֆոն շրջանների ուսումնական հաստատությունների հետ` ֆրանսերեն լեզուն տարածելու նպատակով։
Դեռևս 1996թ. Իջևանը բարեկամական կապ է ունեցել Ֆրանսիայի Վալանս քաղաքի հետ և համարվել է Ֆրանկոֆոն շրջան։
Կազմակերպությունն Իջևանում համագործակցում է ԵՊՀ ԻՄ-ի հետ և փոխանցել է ֆրանսերեն բաժնի լավագույն ուսանողների ուսման վճարը, ինչպես նաև աջակցել է ֆրանսախոս ուսանողների վերապատրաստմանը՝ Ֆրանսիայում։
Հավելենք նաև, որ մեր դպրոցների մեծ մասում ուսուցանվում է ֆրանսերեն և Ժոզ Միլենեղը հիացած էր մարզում ֆրանսերենի բարձր մակարդակով։