Դավիթ Տոնոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր
PoliticsԴավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ի լրատվության բաժնից։
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող առաքելություններին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության ընթացքը, նպատակները, առաքելության կարողությունների եւ աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: