Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 1-ին, ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը նշել է, որ ուրախ է ՌԱԿ ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման համար և կարևորել նման ձևաչափով շփումները, քննարկումները: «Մեր վերջին հանդիպումը Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսում՝ ԱՄՆ իմ այցի շրջանակում: Մենք կարևորում ենք հայ ավանդական կուսակցությունների, մասնավորապես, ՌԱԿ դերն ու գործունեությունը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման գործում: Բարձր ենք գնահատում ՌԱԿ-ի դիրքորոշումը և աջակցությունը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և կարևորում ենք մեր երկխոսության շարունակումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայապահպանությանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանը, հայ ավանդական կուսակցությունների գործունեությանը, կառավարություն-ՌԱԿ համագործակցությանն առնչվող հարցեր։