Սենատում քննարկվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձեւ
ՔաղաքականՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը հայտնել է՝ մոտ ժամանակներում ԱՄՆ Սենատում քննարկվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձեւ:
«Զուգահեռաբար Սենատում գործընթաց է սկսված, այնտեղ 150 համարի բանաձեւն է, մոտավորապես նույն բովանդակության բանաձեւ է լինելու, մոտ ժամանակներում այնտեղ քվեարկության է դրվելու: Ներկայացուցիչների պալատի որոշումը դրական եւ ուժգին ազդակ է Սենատի որոշման համար»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։
405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը, դեմ են եղել 11-ը։
Նշենք, որ բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը եւ Հուս Բիլիրակիսը, ներկայացվել էր այս տարվա ապրիլին եւ ուղղված է 1915թ․ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու մերժմանը, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ հիշատակմանը, ցեղասպանության մասին իրազեկվածության կարեւորությանը՝ հետագայում նման հանցանքների կանխման առումով։
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը գլխավորել են Սենատում բանաձեւի տարբերակը։