Ի՞նչ է արել մեր Կառավարությունը բանակի մարտունակությունը բարձրացնելու համար․ Փաշինյանը ներկայացրեց
PoliticsՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 3-ին, «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց իր գլխավորած Կառավարության կատարած քայլերը պաշտպանության ոլորտում:
«Եթե դուք գտնեք 1,5 տարվա մի ժամանակաշրջան, որ Հայաստանի կառավարությունը զինված ուժերի զարգացման հետ կապված ավելի շատ բան է արել, ես շատ կզարմանամ: Օրինակ՝ ի՞նչ է արել մեր Կառավարությունը այս ընթացքում մեր բանակի մարտունակությունը բարձրացնելու համար․ պաշտպանությանն ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 միլիարդ դրամ նախորդ տարվա 247,8 միլիարդ դրամի դիմաց, Կառավարությունը 2,1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում` մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովվելու համար, 2019 թվականին հունիս-օգոստոսին մոտ 5 տոկոսով ավելացել է արեւային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը, 5-10 տոկոսով ավելացել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ խոցման միջոցների քանակը: Շփման գծի 5 ուղղություններում բարելավվել են յուրային զորքերի դիրքերը: Առաջնագծում շուրջ 10 տոկոսով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի քանակը»,-ասաց նա:
«Զինվորը տեսնում է նոր վերաբերմունք իր նկատմամբ, տեսնում է, որ Կառավարությունը, պետությունն իր ծառայությունը գնահատում է նոր ձեւով, նոր որակով եւ այն զինվորը, որը որակյալ սնունդ ունի եւ հետեւաբար որակյալ ինքնազգացողություն, ե՛ւ նրա զգոնությունն է մեծանում, ե՛ւ ինքնագնահատականը, ե՛ւ մարտունակությունը: Մեզ համար հպարտություն է նաեւ զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, ես հպարտանում եմ այդ որոշման համար, որ այո՛, էսպիսի շոշափելի աշխատավարձի բարձրացում Զինված ուժերում շատ վաղուց չի եղել»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից 15 տոկոսով ավելի քաղաքացի. «Ես չեմ կարծում, որ շատ հաճախ է եղել, որ կանխատեսվածից ավելի քաղաքացիներ են զորակոչվում բանակ: Թու-թու-թու, ես հույս ունեմ հետագայում այս ցուցանիշն ավելի կլավանա»: