Կառավարությունում քննարկվել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզը
PoliticsՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 4–ին, կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Նիստին որպես հանձնաժողովի անդամ մասնակցել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Առանձին միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են համապատասխան կետերի կատարման ընթացքը: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակվել մի շարք միջոցառումների առավել արդյունավետ կերպով իրականացման հնարավորությունների շուրջ:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և ակնկալել նաև առաջիկայում սպասվելիք միջոցառումների կատարումը՝ համահունչ ճանապարհային քարտեզի ժամանակցույցին: