Արմեն Սարգսյանն ընդունել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին եւ Chessify ընկերության տնօրենին
PoliticsՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանին եւ Chessify ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանին:
Chessify ընկերության ղեկավարը նախագահին է ներկայացրել ընկերության գործունեության ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունը զբաղվում է շախմատի բնագավառում տեխնոլոգիական լուծումների մշակմամբ՝ կիրառելով արհեստական բանականության տարրերը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված այս նախաձեռնությունը նպատակ ունի միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան, որոնք հայկական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների միջոցով գիտահետազոտական եւ այլ ծրագրեր կիրականացնեն հիմնականում արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման ու մեծածավալ տվյալների կառավարման ոլորտներում:
Նշվել է, որ ATOM-ի իրականացումը ոչ միայն կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանը, այլեւ նոր հնարավորություններ կստեղծի վերոնշյալ ոլորտներում գործող տեղական ընկերությունների համար: