Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

Culture

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ

ԶԱ­ՎԱ­ԿԻ ՄԱ­ՀԸ

Ոսկու շուկայում մի Երո կար: Գրամ-գրամ ոսկի էր առնում, կիլոգրամ-կիլոգրամ խաբում: Ժպիտը՝ դեմքին, աչքերը՝ պայծառ, բարի, անսքող դեմքով, էնենց համով էր խաբում, էնպիսի սիրով, որ ուզում էիր մի կտոր ոսկի առած գնայիր ու գայիր, մենակ թե՝ Երոն խաբեր, հանկարծ ուրիշի ձեռը չընկնեիր: 

Էտենց էր Երոն, սիրտդ էլ ուզեր՝ կտայիր, ջեբդ էլ մտներ՝ կթողնեիր, միայն թե՝ Երոն գողանար… 

Գողն, ա՛յ, էտենց ա լինում, և ոչ մեր գյուղացի Շաքրոյի նման, որ սրա-նրա տուն էր մտնում ու ձեռքն ընկածը շրջապատի վրա քոռ ու փուչ անում: Նա ավտորիտետ էր: 

Շաքրոյի համար դա քիչ էր: Նա ուզում էր Կիրովականում զակոննի գող կանգներ: 

Գողն իր օրենքներն ունի. պիղծ գործն էլ իր սրբություններն ուներ: Շաքրոն պտի չամուսնանար, միլիցու հետ հաց չկիսեր, չաշխատեր, չծախեր, կարմիր չհագներ, քֆուր չուտեր…, որ կարողանար անօրեն գողից օրենքով դառնար:

 Զակոննի գողը թքած ուներ քրեական օրենսգրքի վրա: Նա շարժվում էր ավանդույթի ուժով ձևավորված չգրված օրենքներով:

 Իր իսկ խոսքն օրենք էր: Բերանը բացում էր՝ օրենքը սկսվում էր, փակում էր՝ ավարտվում… Տեղերը սահմանափակ էին: 

Ամեն զոն իր Ասողն ուներ: Խիստ մրցակցություն էր: Շաքրոն վիզ էր դրել, պտի զակոննի նստեր: Բայց էդ նստավայրին էլ հավակնողներ կային: 

Սուրբ տեղի համար կյանք էին տալիս ու կյանք խլում: Եվ ինչպես օրացույցում, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը: 

Զբոսայգում, նստած տեղը, թիկունքից մոտեցել էին ու դանակի շեղբը կոկորդին դեմ տվել: Գլուխը ընկել էր գետնին ու, աչքերը չռած, գլորվելով գնացել, պախկվել նստարանի տակ: Միլիցիան Շաքրոյի իսկությունը միանգամից չէր պարզել: 

Գլխատված մարմինը սավանի տակ միառժամանակ պառկել էր դիահերձարանում: Հանգուցյալի մարմինը ճանաչելու համար նկուղային պաղ սրահ էին բերել մորը: 

Չէին ուզեցել գլուխը ցույց տալ: 

Ոտքերի կողմից սպիտակ սավանը դանդաղ բարձրացրել էին: Անկենդան ոտնաթաթերը, սուր անկյան տակ, իրարից հեռացած էին: Ոտքերն անմազ էին ու ճերմակ… 

Ոտնաթաթի մատները բարակ էին, երկար ու նուրբ, թվում էին՝ թափանցիկ և ասես մոմից էին ձուլված: Իսկույն ճանաչել էր. ծնկներին խփել էր:

Մայրը ծեր էր ու անմահ: Ասել էր.

-Շատ ապրելու խերն էլ էս ա…

Տերը գտնվել էր: Պաղ սալահատակն ամենևին էլ անգլուխ մարմնի վերջին հանգրվանը չէր: Հիսունական թվականներն էին, հետպատերազմական թշվառ տարիները: 

Ավտոմեքենաների փոխարեն սայլեր էին ճանապարհներին գլորվում… Դեռևս էշերի, եզների ու ձիերի թագավորություն էր: 

Կրիայի քայլերով երկիրը առաջ էր գնում: Հատուկենտ մեքենաները կուսակցության հրահանգով էին երթևեկում: Դիակը որ մի էշով, ձիով կամ լծած եզի սայլով տեղափոխեին: Շաքրոն էլ հո Պարսկաստանում սպանված Գրիբոյեդովը չէ՞ր, որ Գարգառի ոլորաններում Պուշկինին հանդիպեր ու ճամփեն էլի սելով շարունակեր. 

ո՛չ հերոսներն էին նախկինը, ո՛չ էլ ժամանակները: Բայց էլի հնար կար. ելքը ապրանքատար գնացքն էր, որի երկաթյա ճամփով էլ Շաքրոն տուն վերադարձավ. մարմինը՝ պատգարակի վրա, գլուխը՝ կաշիլ յոկի մեջ…

 Այնուամենայնիվ, էն աշխարհ գնալու համար մարմնին գլուխ էր պետք: Շաքրոն անգլուխ ձիավորը չէր, որ Լոռվա ձորում սարսափ տարածեր: 

Ընդամենը մի սովորական գող էր, որ ուզում էր զակոննի դառնար: Ինչ եղել, եղել էր՝ հավուր պատշաճի հուղարկավորություն էր անհրաժեշտ: Գլուխը պիտի մարմնին կարվեր: 

Անպատեհ ժամանակներ էին, գյուղ տեղ, շրջկենտրոնից հեռու, վախեցած, խեղճ ու կրակ ժողովուրդ՝ ոչ ոք հանձն չառավ գլուխը մարմնին կարեր, ասենք, ու՞մ ձեռքը կգնար… 

Եվ մայրն ասեղը ձեռքն առավ: 

Պառավել էր մայրը, տարիների բեռի տակ կքած, բայց ցավը որքան էլ անտանելի լիներ, պիտի տաներ… 

Բա իր զավակին էդպե՞ս էր բերել… 

Ի՞նչ մուրազով էր տղային մեծացրել… Աստված ոնց տվել էր, էնպես էլ պիտի տաներ. երկունքի ցավով բերել էր, երկրի ցավով պիտի ճանապարհեր:

 Ձեռքինը մախաթի ասեղ էր, որ նախօրոք բերանի կողմից ծռել՝ կեռիկ էր արել, որպեսզի հեշտ լիներ մաշկը եզրերից բռնելն ու իրար մոտեցնելը: 

Ուշ գիշեր էր: Դրսում հատուկետ շներ էին կաղկանձում: Գորտերի, ճռիկների, ծղրիդների ու չախկալների բազմաձայն խորը մթին խավարում տարաձայն նոտաներով՝ գիշերվա ձայնեղ, նախշուն գորգն էին հյուսում: 

Խոր ձորում ամեհի որոտով հոսում էր Շնողնա ջուրը: Մայրը ճրագի լույսի տակ ասեղն էր թելում: Կանեփի թել էր, մազմզոտ, հաստ ու ամուր, որ դիմանար: 

Սկզբից դժվար էր: Ասեղի առաջին իսկ հպումից՝ ընկրկեց, թվաց իրեն ծակեցին, վեր թռավ՝ խայթվածի պես… 

Ճար չուներ, պիտի կարեր: Խորը երգում էր: Ասեղը սկսեց գործածել առավել զգուշությամբ, ասես հնարավորինս քիչ ցավ պատճառելու մտայնությամբ: 

Մանրիկ ասեղնահարվածներով մաշկը մաշկին էր կպցնում: Հե՜յ, գիտի ջահել օրեր… 

Շաքրոյով հղի էր. օրորոցի կապույտ երիզներով վերմակը ծնկներին՝ միջնամասի կակաչներն էր ասեղնագործում… 

Եվ երգեց մայրը. դա մի քնքուշ և անուշ երգ էր իր դեռատի հարսնության, կատարյալ իղձերի և անկատար երազների մասին: 

Երգում տոն էին տալիս իր առաջնեկի հետ կապված մայրական ակնկալիքները, հույսն ու հավատը, որ ողողված էին ապագայի շողերով: Երգում էր մեղմ, հազիվ լսելի ձայնով, ասես նորածնին չարթնացնելու, առավել ևս քուն պարգևելու հուշիկ մտադրությամբ: 

Ասեղն իր գործն էր անում. մանրիկ ծակոցներով ասեղնագործում էր իր երազը… 

Ոնց որ ստացվում էր: Մայրը վերստեղծում էր իր որդուն, խաթարված զավակին, կրկին արարելով՝ Աստծո պատկերով և նմանությամբ: 

Ափսոս, որ Արարիչն այլևս ընդերքում չէր, սա ձեռք էր պարզապես, մարդկային, թերևս, մայրական ձեռք… 

Մարդու ձեռքը, որ Ապոլոն էր քանդակել, հիմա ընդամենը մարդկային վերքեր էր կարկատում… …

Երգում էր կամացուկ, ինչպես զգուշավոր զեփյուռ, առավոտ կանուխ, վաղվաղակի փչող՝ խաղաղ ու զով, թեթև մի հովիկ… 

Ավաղ: 

Դեղին արտերով միայն զեփյուռ չէր անցել: Աշնանային, ցուրտ խորշակ էր մոլեգնել… Շաքրոյին սև օրով էր մեծացրել: 

Ամուսինը պատերազմից եկել էր քրքրված առողջությամբ: Շաքրոն անչափահասների գաղութում էր, երբ հայրը մահացավ: 

Ազատվելուն մեկ ամիս էր մնացել: Հարազատները դիմել էին ուրույն քայլի: 

Դա մեր գյուղացիներինն էր, բայց մեր քայլը չէր: Որոշել էին երեխային հորը հրաժեշտ տալու հնարավորություն տալ: 

Եվ ո՞ւմ դատարկ գլխում էր ծագել այդ սին միտքը… 

Դագաղն իջեցրել էին փոսի մեջ. վրան հող չէին լցրել: Հաստ տախտակներով փակել էին փոսի բերանը, որպեսզի երբ որդին գա, հեշտ լինի մահիճը հանելը: Եվ ո՞ւմ էր պետք նման տեսակցությունը… 

Ամեն դեպքում, տեսակցությունը տեղի ունեցավ: Տախտակները քաշեցին ու դագաղը վեր բարձրացրին: Մահվանից մեկ ամսից ավելի էր անցել: Կափարիչը մի կողմ տարան: 

Ե՞վ… Այն, ինչ տեսան, վեր էր սպասածից… 

Հանգուցյալի վրայից դարչնագույն ամպ պոկվեց: Սրճագույն մեծ գլուխներով մժեղանման միջատներ էին, որ ամպի տեսքով բարձրանում էին, սակայն և, նույն պահին ևեթ, լույսից խոցված՝ ցած թափվում: Մարդկանց գլխին մահվան անձրև էր թափվում. ձեռքերի անկանոն շարժումներով փորձում էին հետ վանել անդրաշխարհիկ այցելուներին… 

Հետո հասկացան եղելությունը: 

Դրանք նեխած մարմնից սերված դարչնագույն թրթուրներ էին, որ փոխակերպվել էին մեծ գլխով ու թևավոր մարմնով թիթեռ զեռունների… 

թիթեռի թևով անգամ ապրել էին ուզում: Իզուր: Նրանց կյանքը մահվան մեջ էր: 

Առավել սարսափելին, որ տղան տեսավ, ննջեցյալ հայրն էր: Լխկած ուղեղը, երկու սպիտակ առվակով, քթի անցքերից դուրս էր հոսում…

…Գործն առաջ էր գնում: 

Պարանոցի վրայով ձգվում էր, շեղակի հյուսված, ասեղնագործ շարանը: Ասես կանեփի ցանցկեն մանյակ էր, որ հյուսել ու կապում էր տղայի վզին: Ավարտը մոտ էր… 

Լվալուց հետո էլ կապտած դեմքին նկատելի էին արյան կարմիր հետքերը: 

Երկար նայում էր՝ ասես որդուն առաջին անգամ տեսնելիս լիներ. սուր ծնոտ, ջղաձիգ, բարակ շուրթեր, հազիվ նկատելի բացված բերանից գառան ատամների նմանվող սպիտակ, մանր ատամնաշար, փոս ընկած այտեր, կանոնավոր քիթ, երկար թարթիչների տակ ամփոփված փակ աչքեր, սև, ասես ղալամով քաշած կամար հոնքեր, ճակատը վարագուրող շագանակագույն, գանգուր մազեր… 

Նայում էր, նայում ու որքան նայում, այնքան էլի էր նայել ուզում: Մոր հայացք էր: 

Ծարավ էր սիրտը, կարոտ կար հոգում, տոչորվող կարոտ: Աչքը կտրելն անկարելի էր: Յարաբ, սիրտը կհովանա՞… Քոռանա քու մերը, Շաքրո՜… 

Մղկտում էր մայրը: 

Չորացած ձեռքը շոյում, փայփայում, գուրգուրում էր մազերը, ճակատը, քիթը, բերանը, այտերը… Լալագին հառաչանքներով շարունակվում էր ողբը. 

-Էս ինչ օղբաթ էր, որ դու մեր գլխին բերիր, բալա ջեն… 

Բա մինը չելա՞վ, որ էդ բեմուրազնու ձեռը բռնի, որդի… 

Ո՞ւր էին, ո՞ւր էին քու գովական հնգերտինքը… 

Լեն օրերի հնգերտինքդ… Էն, որ խուրջինը շլակած բերում էիր ու բերում, դրանք էլ սուփրի կուռը բռնած՝ լափում էին ու լափում… Հմի ո՞ւր են էդ ղոչաղ տղերքը… 

Գոնե մինը չկա, որ ճրագը գլխավերևդ պահի, ես էլ իմանամ, թե ի՞նչ եմ անում. էս ա, ոնց որ կարը ծուռ գնաց… Օգմին չկա, որ լիս տա էրեսիդ, Շաքրո ջեն, Շաքար ջեն… 

Էն Կիրովականնումը, որ կողոպտում, գողանում ու գողանում էիր, բա չգիտեի՞ր, որ կյանքդ ես գողանում… Իմն էլ հետը… Մենակ եմ մնացել, որդի… Չեմ գտնում ճամփեն… 

Երգեն դիբը առաջս ծառս ա էլել ու մինը չկա, որ կռնատակիցս վեր քաշի… Խորը ձորում եմ, որդի, մութ, խավար ձորում, առանց լսի ու մի պտղունց ճրագի… 

Էս ի՞նչ արիր, Շաքար ջեն, բա դու մեղք չե՞ս, քու խեղճ մերը մեղք չի՞… 

Ճամփեդ դուզ կբռնեիր, էլի՛, որդի, ընչի խտորու գնացիր, բա, մինը չկա՞ր, որ քեզ մի կածան շանց տար… Անգլուխ ճամփա ընգար, անգլուխ էլ գնում ես, որդի՛… Բալա՜, բալա՜, բալա՜, իմ քաղցր բալա՛, իմ քաղցր Շաքար… 

Բա սրան էինք արժա՞ն… 

Հորդ թաղեցիր, մորդ չլսեցիր, ընգար էդ բեմուրազնու խելքին ու էս փթերակը գլխներուս բերիր… 

Ո՞ւր են հմի էդ լավ տղերքը, լավ օր սիրող՝ էդ լավ տղերքը… Հմի նեղն ես ընգել, որդի, չորս տախտակի արանքում ես մնացել որդի, ու՞ր են նեղ օրերի հարգված հնգերտինքդ… 

Ո՞ւմ ոտն էիր կոխել, ո՞ւմ թանին էիր թթու ասել, ո՞ւմ էիր չոռ ասել, որ էս օղբաթն էկավ… Հմի ի՞նչ պտի անես, ո՞նց պտի ապրես, որդի՛… 

Դու էն գլխից վրեդ օջորք չունեցար, մարդավայել կյանք չունեցար… 

Գելն իր բունն ունի, նապաստակը՝ իր թաքստոցը, կխտարն՝ իր ծմակը, արջն՝ իր որջը, կկուն՝ իր փչակը, ձուկն՝ իր ջուրը, մուկը, որ մուկ ա, էն էլ իր ծակն ունի… 

Իսկ դու տուն չունեցար, օջախ չունեցար, մի թարազ հնգեր չունեցար, որդի՛, ընգար էդ ավարեքի խելքին ու ավարա դառար… 

Էն խոր փոսում հորդ տեհա՞ր, չէ՞, ճամփեդ շեղեցիր ու մի փոս էլ դու ընգար, որդի՛, խոնավ, խավար փոսը, որդի ոչ արև ա ծակում, ոչ էլ լուսին… 

Րեքնակը մեր մտավ, երգիրը խավարեց, հմի էս անլիս, ցուրտ ու խավար երկրում ո՞նց ապրեմ, որդի՛, իմ քաղցր Շաքար, զավակս, մինուճարս, ավազակս, խեղճս, կյանքս, արևս… 

Սաղ գեղը քնած ա, շների հաչոցն ու գորտերի կռռոցն էլ ա կտրել, չախկալների ու ճռեկների ձենն էլ… Որձակն էլ ա քնած, քեզ էլ ո՞վ պտի բարլիս ասի... 

Հավքը քնած ա, թռչունը քնած ա, շուն ու կատու, գել ու գազան, կով ու կենդանի քնած են, աշխարհը քնած ա, որդի՛, զավա՛կս, մինուճա՛րս… 

Դու էլ քնի, քնի՛, քնի՛, բալա ջե՜ն… Ոչ ոք չկար: Լռություն: Խավար: Անդունդ: Միայն դեղնադալուկ լուսինն էր, որ կռթնած՝ պատուհանից ներս էր նայում…

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia