«Մենք զրոյից ուզում ենք ստեղծել «Հայաստան» համահայկան հիմնադրամ». Նիկոլ Փաշինյան
Политика«Մենք պետք է հասկանանք՝ ընդհանրապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի էությունը ո՞րն է եղել մինչեւ հիմա», այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան «Իմ քայլը» դաշինքից Լիլիթ Ստեփանյանի՝ վերջին հեռուստամարաթոնի ընթացքում ավելի քիչ գումար հանգանակելու պատճառների մասին հարցին։
«Եղել է հետեւյալը, որ վարչահրամայական մեթոդներով գումարներ են հավաքել, գնացել են օլիգարխներից խնդրել են, մուրացել են, սպառնացել են, տարբեր լծակներով նույն մարդկանցից 30 տարի անընդհատ փող են հավաքել, ծայրահեղ դեպքում ասել են՝ խոստացիր ուղղակի», ասել է Փաշինյանը եւ ավելացրել. «Մենք այսօր ուզում ենք համակարգ փոխել, որ «Հայաստան» համահայկական համակարգը դառնա իրոք Հայաստան համահայկական հիմնադրամ»։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ փորձ է արվելու ներդնել նոր բանաձեւ։ «Հիմա, հիմնադրամում մեզ պետք են ոչ թե մի քանի հայեր, որոնք մեզ կտան միլիոնավոր դոլարներ, այլ միլիոնավոր հայեր, որոնք կտան մի քանի դոլար։ Մենք պայմանական նշաձող ենք սահմանել՝ ամիսը 22 դոլար։ Եւ այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում տեղադրված է այ գործիքը, յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտնել եւ բաժանորդագրվել, որ ամիսը 22 դոլար փոխանցվի հիմնադրամին։ Եւ դա չի լինի մեկ իրադարձություն՝ մեկ երեկոյում, տարվա ընթացքում այդ պրոցեսը անընդհատ կշարունակվի», ասել է Նիկոլ Փաշինյանը։