Դատարան ենք դիմել, որպեսզի ԱԱԾ-ն պարտավորվի քրեական գործ հարուցել 4 անձանց նկատմամբ.«Ադեկվադ»
Политика«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին պարտավորեցնել քրեական գործ հարուցել իրավապահ 4 մարմինների ղեկավարների նկատմամբ: Այս մասին Tert.am-ին ասել է «Ադեկվադ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը:
«Եթե դատարանը բավարարի բողոքարկումը, ԱԱԾ-ն արդեն պարտավոր է լինելու հարուցել քրեական գործ և քննել 4 անձանց՝ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արարքներում հանցակազմի առկայությունը»,- նշել է Գարեգին Պետրոսյանը:
Իրավաբանը հիշեցրել է, որ 2019 թ. մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան կոչով դիմել էր հանրությանը, որպեսզի հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, մարդիկ շրջապատեն բոլոր դատարանների շենքերը: Ըստ «Ադեկվադ» միաբանության` սա հանրային հավաքի կոչ էր, որի դեպքում, Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն՝ հավաքի կազմակերպիչը պարտավոր էր իրազեկել բոլոր այն համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր:
Դրանից հետո միաբանության անդամները դիմել են Դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն, սակայն ՀՔԾ պետն ու գլխավոր դատախազը հրաժարվել են քրեական գործ հարուցել:
«Հետո դիմեցինք ԱԱԾ 4 հոգու՝ ոստիկանության նախկին և գործող պետերին, գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: ԱԱԾ-ից հայտնել էին, որ հաղորդման մեջ չկա ոչինչ հանցագործության փաստերի վերաբերյալ: Հիմա դատարան ենք դիմել, որպեսզի ԱԱԾ-ն պարտավորված լինի քրեական գործ հարուցել 4 անձանց նկատմամբ»,- պարզաբանել է Գարեգին Պետրոսյանը: