Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, գարնանն Արցախում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ են ներկայացրել Արցախի քաղաքական դաշտում գործող ակտիվ քաղաքական ուժերն ու անհատները։
Սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի ակտիվությունը օրեցօր մեծանում է, ինչը բնական գործընթաց է:
Հետևելով նախընտրական գործընթացների նախապատրաստական աշխատանքներին՝ պարզ է դառնում, որ դաշտում, ըստ էության, հանդիպումների, քննարկումների և լուսաբանումների առումով հատկապես նկատելի է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցության, ՀՅԴ-ի , ինչպես նաև նախկին զինվորական Գրիգորի Սահակյանի «Վստահություն» կուսակցության ակտիվությունը:
Տևական ժամանակ է՝ տարբեր համայնքներում հանդիպումների շարք է կազմակերպում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախկինում երկար տարիներ մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանը, որն այս տարի հիմնեց Պահպանողական կուսակցությունը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մյուս ուժերը դեռ նոր են թափ հավաքում և վերանայում իրենց ընդհանուր տեսլականները՝ լայն թափով նախընտրական կամպանիային միանալու համար:
Ակնհայտ է, որ իրավիճակը խոսուն է քաղաքական ուժերի ակտիվության տեսակետից, և արդեն իսկ պարզ է, որ Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում