Ուժեղացված ծառայություն հանրապետությունում․ բերման են ենթարկվել անձինք, հայտնաբերվել՝ զենք-զինամթերք
ՀասարակությունԴեկտեմբերի 26-ին ոստիկանության ծառայողները ստուգողական այցեր են իրականացրել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։
Արտաքին զննության է ենթարկվել մի քանի տասնյակ կասկածելի ավտոմեքենա։ Որոշ տրանսպորտային միջոցներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև հանցագործության դեպքեր։ Հայտնաբերվել ու առգրավվել է գործարանային համարով ատրճանակ, մարիխուանայի նմանվող զանգված, թմրամիջոցի հետքերով կաթուցիչ, դանակ, մահակ և այլն։
Միջոցառումների շրջանակում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի, Արարատի, Արտաշատի և Հրազդանի բաժիններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Այսպիսով, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են։
Ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում։ Արվելու է առավելագույնը, որ մեր հասարակության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում, օրինակելի և ուսանելի լինեն ոչ թե «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները, այլ հանրային համակեցության սկզբունքները։