Ահազանգին արձագանքել են օպերատիվորեն. կարծես թե «սայլը տեղից շարժվում է»
Հասարակություն«Փաստ» թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Նորագավիթ թաղամասի բնակիչների հնչեցրած ահազանգին։ Թաղամասի 13-րդ և 14-րդ փողոցների տները կոյուղի չունեն։
Բնակիչները նշել էին, որ իրենց խնդրի լուծման համար դիմել են բոլոր պատկան մարմիններին, որևէ մեկն իրենց չի մերժել, պատշաճ կարգով պատասխանել են բոլոր նամակ-դիմումներին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»։
Նյութի հրապարակումից անմիջապես հետո բնակիչների հետ կապ են հաստատել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմից։
Հավաստիացրել են՝ խնդիրը շարունակում է մնալ վարչական շրջանի ղեկավարի ուշադրության կենտրոնում, որը գործուն քայլեր է կատարում դրան լուծում տալու համար։
Արդեն իսկ թաղամասում սկսվել են նախապատրաստական աշխատանքներ, կատարվում են չափումներ, իսկ բուն աշխատանքները, ինչպես բնակիչներին տեղեկացրել են վարչական շրջանի կոմունալ բաժնից, կմեկնարկեն այս տարվա գարնանը։
Բնակիչներին տրվել է բանավոր խոստում, որ թաղամասում այս տարի արդեն կգործի կոյուղի։ Մեզ հասած տեղեկություններով, արագորեն արձագանքել են նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից: