Սայլը ճռռալու փոխարեն․․․ Բաքուն Երեւանին ապակառուցողական դիրքորոշման մեջ է մեղադրել
ПолитикаԲաքվում հերթական անգամ որոշել են Երեւանին մեղադրել ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Այսպիսի օրիգինալ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Խիկմետ Գաջիեւը։
«Ինչպես արդեն նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, անցյալ տարին, ցավոք, կորցրած տարի էր։ Մենք չտեսանք առաջընթաց բանակցային գործընթացում։ Բացի այդ, մենք շարունակում ենք տեսնել Հայաստանի անարդյունավետ, ապակառուցողական քաղաքականությունը»,- Գաջիեւին է մեջբերում «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Euractiv-ին։
Իրեն բնորոշ ձեւով Գաջիեւը միակողմանիորեն է ներկայացնում ԵՄ անվտանգության քաղաքականության մասին վերջին փաստաթուղթը՝ այն գնահատելով որպես Ադրբեջանի դիրքորոշման աջակցության վկայություն։ «Մեզ համար դա շատ կարեւոր է, եւ մենք շնորհակալ ենք այդ դիրքորոշման համար։ Մենք կարծում ենք, որ հիմնարար սկզբունքները, որոնք բխում են Հելսինկյան եզրափակիչ ակտից եւ միջազգային իրավունքից, պետք է կիրառվեն, առանց բացառության, բոլոր հակամարտությունների հանդեպ։ Մենք հուսով ենք, որ տվյալ քաղաքականությունը կշարունակվի, քանի որ տարածքային ամբողջականությունը կարեւոր է յուրաքանչյուր երկրի համար»,- ասել է Գաջիեւը։