Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է
ՔաղաքականՍերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին: Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հունվարի 29-ին գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել էր, և գործն ուղարկվել էր դատարան: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը:
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին, որը 2017-ից եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2019-ի վերջին նշանակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։