Սադ­րան­քի վտան­գը. անի­մաստ, ան­միտ քայ­լերն ու դրանց հե­տև­անք­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սիրիական Իդլիբի շուրջ կրկին ծայր առած ռուս-թուրքական հակադրությունը չի հանգուցալուծվում: Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել անցած տարեվերջին Սոչիում կայացած պայմանավորվածությունների խախտման մեջ: 

Իսկ ոչ վաղ անցյալի փորձը հուշում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածության ցանկացած դրսևորում այս կամ այն կերպ իր արտահայտությունն է գտնում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր գործողություններում:

1998-ին Ալիևի և Դեմիրելի նախաձեռնությամբ ստորագրված ռազմավարական համագործակցության պայմանագրով Բաքուն և Անկարան որդեգրել են «Մեկ ազգ՝ երկու պետություն» կոնցեպցիան և պարտավորվել ցանկացած իրավիճակում սատարել միմյանց: Անցած 20 և ավելի տարիները ապացուցել են, որ Թուրքիա-Ադրբեջան գործակցությունը շատ ամուր հիմքեր ունի, և կողմերը բոլոր ոլորտներում միմյանց հետ համակարգում են իրենց գործողությունները: 

Այդ թվում՝ հատկապես Հայաստանի և Արցախի մասով՝ դիտարկելով հայկական կողմը որպես գլխավոր հակառակորդ: Թեպետ մյուս կողմից՝ հենց այդ իրադրությունն է ստիպել խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ պետություններին առ այսօր ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությունը ամբողջությամբ Ադրբեջանի օգտին լուծելուց: 

Քանզի բոլորի համար պարզ է, որ Բաքվի հաղթանակը Հայաստանի և Արցախի նկատմամբ կնշանակեր Թուրքիայի հաղթանակ և նրա դիրքերի աննախադեպ ուժեղացում տարածաշրջանում: 

Ռուս-թուրքական նոր լարվածության ֆոնի վրա կարծես առարկայական է դառնում մտահոգությունը, որ Անկարան կրկին կարող է Բաքվին հրահրել որևէ սադրանքի ղարաբաղյան հակամարտության շփման գծում՝ այդպիսով Ռուսաստանին իր ազդեցությունը ի ցույց դնելու համար: 

Ի վերջո, Սիրիայում Թուրքիան ակնհայտորեն չունի այդքան ուժ՝ ռուս-իրանա-սիրիական եռյակին իր պահանջները պարտադրելու համար: Ըստ այդմ, Թուրքիան սովորության համաձայն կարող է լարվածությունը տեղափոխել Հարավային Կովկաս: 

Չմոռանանք, որ 2016-ի ապրիլին էլ ռուս-թուրքական հարաբերությունները սիրիական հարթակում աննախադեպ սրվել էին՝ ռուսական ռազմական օդանավի խոցման պատճառով, և հենց այդ ֆոնի վրա էլ Ադրբեջանը սադրեց քառօրյա պատերազմը: Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում էր և Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին վերհիշեց ադրբեջանցիների, այսպես կոչված, «ցեղասպանությունը» Խոջալուում, և կրկին համապարփակ աջակցություն խոստացավ Բաքվին՝ տարածքային ամբողջականության վերականգնման դեգերումներում: 

Ուշագրավ է նաև, որ Էրդողանի այցին զուգահեռ, Ժնևում կայացած միջազգային միջոցառման շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զ. Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Ս. Լավրովի հետ: 

Ըստ տարածված տեղեկատվության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը և իրավիճակը Սիրիայի  շուրջ: Հաշվի առնելով, որ հանդիպումը նախօրոք պլանավորված չէր, չի բացառվում, որ Էրդողան-Ալիև հանդիպման ֆոնին Մոսկվայի և Երևանի միջև դիրքորոշումների և հնարավոր գործողությունների ճշգրտման անհրաժեշտություն է առաջացել: 

Մանավանդ որ Սիրիայում է նաև ականազերծողների հայկական հումանիտար զորախումբը, և այս ուղղությամբ էլ Թուրքիայի կողմից հնարավոր սադրանքները չի կարելի բացառել: 

Բայց միաժամանակ կա մեկ այլ խնդիր. հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդրահարույց և անթաքույց անվստահությունը Մոսկվայի կողմից՝ Հայաստանի «հեղափոխական» իշխանության նկատմամբ: Անցած 2 տարում պաշտոնական Երևանը՝ Արևմուտքում ավելի ընկալված լինելու մոլուցքի մեջ, կատարել է բազմաթիվ անիմաստ և անմիտ քայլեր, որոնք Մոսկվայում կայուն դժգոհության մթնոլորտ են ձևավորել Փաշինյանի կառավարության նկատմամբ: 

Այդ դժգոհությունը ռուսական փորձագետներն ու լրատվամիջոցները վաղուց արդեն արտահայտում են անթաքույց: Հատկապես ԵԱՏՄ և ՀԱՊԿ բոլոր գագաթաժողովների լուսաբանման ժամանակ առկա է կանոնավոր հեգնանքի դրսևորում Հայաստանի կառավարության նկատմամբ: Այ, սա իսկապես աննախադեպ իրավիճակ է և պրոբլեմ, եթե Ադրբեջանը Անկարայի դրդմամբ կրկին փորձի դիմել որևէ սադրանքի: Հասկանալի է, որ Մոսկվայի համար սկզբունքորեն ավելի կարևոր են իր ռազմավարական շահերը և տարածաշրջանում կայունության պահպանումը: 

Բայց մյուս կողմից՝ ամենևին չի բացառվում, որ ղարաբաղյան շփման գոտում որևէ սադրանքի դեպքում Կրեմլում կարող է առաջանալ ինչ-որ պահի «պաուզա» պահելու ցանկություն՝ Հայաստանի ղեկավարությանը խելքի բերելու համար: Նաև տեսնելու, թե հայկական կողմը ինչպես է դուրս գալու նեղ դրությունից՝ առանց տարածաշրջանում ազդեցիկ դաշնակցի աջակցության: 

Ըստ այդմ, թերևս անհրաժեշտ է անցկացնել Մոսկվայի հետ հրատապ կոնսուլտացիաներ, ճշգրտել դիրքորոշումները և վերականգնել փոխադարձ վստահության մթնոլորտը: 

Եվ այդ ամենը պետք է անել՝ ելնելով այն պարզ իրողությունից, որ այս պահին ադրբեջանական հնարավոր սադրանքը կանխելու իրական օպերացիոն հնարավորություններ այս տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական բևեռ չունի՝ Ռուսաստանից բացի: ԱՄՆ-ում նախընտրական մթնոլորտ է, և ամեն ինչ ենթակայեցված է ապագա ընտրություններում թեկնածուների դիրքերի ամրապնդմանը: Իսկ Եվրոպան ունի միջամտության միայն քաղաքական, բայց ոչ ուժային ռեսուրսներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Էդմոն Մարուքյանի եղբայրն ազատվել է աշխատանքից Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Կգնա՞ Ալիևը լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե՞ ոչ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նը դար­ձել է շախ­մա­տի աշ­խար­հի թի­մա­յին առաջ­նու­թյան չեմ­պի­ոն Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Ինչպես պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից Չի բա­ցառ­վում, որ աշ­նա­նը հան­րու­թյան դժգո­հու­թյուն­նե­րի նոր պոռթ­կում­ներ լի­նեն. «Փաստ» Հայտնի է, թե երբ դպրոցներն իրենց դռները կբացեն աշակերտների համար. «Իրավունք» Գիշերը ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ. ՊՆ խոսնակ Ճանապարհների օղակաձև հատվածներում գովազդային վահանակների տեղադրումը հավել յալ ֆինանսական մուտքեր կապահովի բյուջե. «Փաստ» Հայ­կա­կան հե­քի­ա­թը շա­րու­նա­կում է ապ­րել Թբի­լի­սի­ում. ին­չո՞ւ ար­ձա­գանք չկա Հա­յաս­տա­նից. «Փաստ» «Եթե կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­տապ մի­ջոց­ներ չձեռ­նար­կի, երկ­նիշ տնտե­սա­կան ան­կումն ան­խու­սա­փե­լի է լի­նե­լու». «Փաստ» Գո­նե եր­բեմն նաև ոլոր­տի մաս­նա­գետ­նե­րին է պետք լսել. «Փաստ» Թուր­քի­ան հեր­թա­կան լար­վա­ծու­թյունն է հրահ­րում տա­րա­ծաշր­ջա­նում. «Փաստ» «Հիմա այդ թե­զե­րով զբաղ­վե­լու կամ էներ­գի­ան ու ռե­սուր­սը դրա վրա ծախ­սե­լու ժա­մա­նա­կը չէ». «Փաստ» Հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում. «Փաստ» Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից. «Փաստ» Ծրա­գի­րը վե­րա­կանգն­վում է. «Փաստ» Հայկական անուններ ունեցող էջերով ապատեղեկատվություն են տարածում Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ռեկորդային մակարդակի է հասել
website by Sargssyan