«Ես բժիշկներին շնորհակալություն չեմ հայտնում․ նրանք փափուկ բարձ են դրել մարդկանց գլխի տակ»
БлогՔաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանի բժիշկների մի մասը ոչ միայն չի արել ամեն բան հասարակությանը ճիշտ պատրաստելու արհավիրքին, այլև արել է ճիշտ հակառակը` հիմարություններ է դուրս տվել և հատկապես սոցիալական հարթակներում` փափուկ բարձ դնելով մարդկանց գլխի տակ և անգամ կարողացել է վարչապետին համոզել, որ ջերմությունը կորոնավիրուսի պարտադիր ախտանշան է: Մեծամտաբար մասնագետ ներկայանալով` կոչ է արել հանգստանալ` նույնանալով խորհրդային ժամանակների հիմնական նպատակի` «պանիկա» չտարածելու բժիշկ-պետական պրոպագանդիստների հետ:
Ես Հայաստանի բժիշկներին շնորհակալություն չեմ հայտնում: Ընդհակառակն` պարսավում եմ նրանց մի զգալի մասին և պնդում եմ, որ որոշ բացառություններով անշուշտ` Հայաստանի բժիշկների մեծ մասը գոնե մինչ այս պահն իրեն դրսևորել է որպես ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու մեծամիտ մի զանգված, որը չարաշահելով չտեղեկացված հասարակության բնական վստահությունը` վտանգել է նրան:
Հիմա բժիշկները պարտավոր են կատարել իրենց աշխատանքը և ծառայել իրենց կոչմանը` ծառայություններ մատուցել ժողովրդին: Բժիշկ լինելը ոչ թե բարձր եկամուտներ ունենալու և բոլորին վերևից նայելու արտոնություն է` այլ հասարակությանն ու նրա անդամներին դժվարաբար ծառայելու բարձր կոչում:
Միայն երբ այս ճգնաժամն անցնի` կարելի կլինի գնահատել հայաստանյան իսկական նվիրյալ բժիշկների ու բուժաշխատողների աշխատանքը: Եվ այդպիսիք հաստատ կան: Բայց դեռ ժամանակը չէ: Անլուրջ շնորհակալությունների ժամանակը չէ` առավել ևս այն ֆոնին, երբ արդեն եղել են բժիշկներ, որ դավաճանել են իրենց կոչմանը` լինել պրոֆեսիոնալներ և մասնագիտաբար ծառայել հանրային առողջության շահերին»: