Փաստաբանական ընկերությունը պատրաստ է անվճար խորհրդատվություն տրամադրել
Հասարակություն«Սլոյան» փաստաբանական ընկերությունն իր պատրաստակամությունն է հայտնում աշխատողի իրավունքների պաշտպանության ուղղությամբ անվճար իրավախորհրդատվություն տրամադրելու և աշխատողներին իրենց իրավունքների մասին իրազեկումներ անելու համար: Ընկերությյան դիտարկմամբ, Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մեկուսացման և ինքնամեկուսացման հետևանքով մի շարք քաղաքացիների մոտ աշխատավայրում, գործատուների հետ խնդիրներ են ծագել:
«Մասնավորապես, կան ահազանգեր, որ գործատուները պահանջում են աշխատավայր ներկայանալ և բնականոն աշխատել կամ հրաժարվում են վճարել պարտադիր պարապուրդի ժամանակահատվածի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մեջբերելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված պարտադիր պարապուրդի ժամանակ վճարման կարգը, գրասենյակից նշում են, որ օրինակ, եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ նրան չի առաջարկվում իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-ի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
«Օրենսդրությամբ կարգավորվում է նաև այն դեպքը, երբ աշխատողը հրաժարվում է առաջարկվող այլ աշխատանք կատարել ոչ իր մեղքով առաջացած պարտադիր պարապուրդի ժամանակ: Այս դեպքում պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս»,- տեղեկացնում են իրավաբանական ընկերությունից:
Ըստ ուսումնասիրության ահազանգերը չեն վերաբերում միայն աշխատողի պարտադիր պարապուրդի վճարմանը վերաբերող իրավունքների խախտման դեպքերին: Այս շրջանում բարձրաձայնվում են նաև աշխատանքային պայմանագրեր չկնքելու, աշխատանքային բավարար պայմաններ չապահովելու և այլ դեպքերի մասին, որը ևս պակաս կարևոր խնդիր չէ: