Երթուղագծերում միկրոավտոբուսները պակասել են. 60-ն անց վարորդներն ինքնամեկուսացել են
Հասարակություն41 համարի միկրոավտոբուսը երեկվանից չի սպասարկում: Այս մասին Aravot.am-ին ահազանգել են Շենգավիթ համայնքի բնակիչները, որոնք ժամերով սպասել են 41 համարին, որն այդպես էլ չի եկել:
41 համարի երթուղայինի բացակայությունը դժվարություններ է ստեղծում հատկապես Ներքին Չարբախի բնակիչների համար, որոնք մայրաքաղաքի կենտրոն հասնելու համար միայն 41 համարի միկրոավտոբուսից են օգտվում: Ներքին Չարբախը սպասարկում են նաեւ 25 եւ 36 համարների միկրոավտոբուսները, որոնք սակայն բոլորովին այլ ուղղություններ են սպասարկում. առաջինը երթեւեկում է 3-րդ մասով եւ գնում մինչեւ Էրեբունի զանգված, 36 համարի երթուղագիծն էլ անցնում է Չարբախով, Մասիսի գյուղերով՝ հասնելով Հարավ-արեւմտյան թաղամաս: Այսինքն՝ այդ թաղամասի բնակիչները կենտրոն հասնելու համար միայն 41 համարի հույսին են:
«41 համարի երթուղին ոչ թե ամբողջությամբ չի աշխատում, այլ շարժակազմը նվազել է, եւ ներկայում գիծը սպասարկում է ընդամենը 3 միկրոավտոբուս»,- պարզաբանել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը եւ «ԵրեւանՏրանս» ՓԲԸ-ն այժմ այդ երթուղին սպասարկող ընկերության հետ քննարկումների մեջ են, որպեսզի նրանք առավոտյան եւ երեկոյան, բանուկ ժամերին շարժակազմն ավելացնեն: Ըստ Հակոբ Կարապետյանի՝ ոչ միայն 41 համարի միկրոավտոբուսի, այլեւ այլ երթուղիներում նույնպես որոշակի խնդիրներ են առաջացել վարորդների հետ կապված, որոնց տարիքը 60-ն անց է. «Հասկանալի է, որ նրանք ռիսկային գոտում են, եւ, համապատասխան հրահանգների բերումով, այս շրջանում այդ տարիքի վարորդները չեն աշխատում»: