Արտակարգ դեպք Երևանում. հետախուզման մեջ գտնվող 27-ամյա քաղաքացին կրակել է իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ
ՀասարակությունԵրեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սարկավագի փողոցի թիվ 69 հասցեի մոտ անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել են մի քաղաքացու և այդ ժամանակ նկատել են, որ այդ քաղաքացու գոտկատեղի հատվածում ատրճանակ կա:
Ըստ աղբյուրի՝ այդ քաղաքացին դիմել է փախուստի և, երբ ոստիկանության ծառայողները հետապնդել են նրան, նա կրակոց է արձակել ոստիկանների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները զննությամբ հայտնաբերել են 1 կրակված պարկուճ, ինչպես նաև բջջային հեռախոս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ փախուստի դիմած և ոստիկանների ուղղությամբ կրակոց արձակած անձը եղել է 27-ամյա Վանիկ Կիրակոսյանը: