Շիրակի մարզում տունն ամբողջությամբ այրվել է ծխախոտից. Տանտերն այժմ հոգեբուժարանում է
ՀասարակությունՇիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում մարտի 21-ին այրված տանը միայն 52-ամյա տանտերն է եղել, ով հոգեկան շեղումներ է ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքապետ Արտաշես Սահակյանը՝ նշելով, որ տղամարդը հաշվառված է եղել Գյումրի հոգեբուժական կենտրոնում:
«Նա այժմ հոգեբուժարանում է պառկած, հարեւաններն ասում են` կրակը ծխախոտից է բռնկվել, ծխել է ու չի մարել ծխախոտը: Լավ է`տանեցիք այդ ժամանակ տանը չեն եղել: Ինքը տարօրինակություններ ունեցել է, այս վերջում էլ իր մոտ սրվել էր»,-ասաց համայնքապետը:
Նշենք, որ տունն ամբողջովին այրվել է, ըստ գյուղապետի վնասը կազմել է 2 մլն 800 հազար դրամ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 21-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:59-ին, մարվել՝ 16:46-ին: Տունն ամբողջությամբ (մոտ 50 քմ) այրվել է:
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ փրկարար Արթուր Խ.-ն (ծնված 1991 թ.) վնասել է ձեռքը, վերջինս տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: