«Էս հին ու նոր օրեր, էս մամ­ռոտ օրեր...». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուսուցիչը՝ Երևանից, գյուղը՝ սահմանամերձ... Սահմանամերձը որն է, քիչ է մնում թշնամու դիրքի շարժն առանց հեռադիտակի տեսնես: Եվ նույնիսկ չորրորդ դասարանի աշակերտները ուսուցչին սովորեցնում էին, թե ամեն մի վզզոցն ու շվվոցը ինչ զինատեսակինն է, ու թե, ասենք, «Գրադը» որտեղ խփեց: 

Աչքներում ո՛չ վախ կար, ո՛չ տագնապ, անասելի զայրույթ կար միայն ու ափսոսանք՝ «էս անտերը հանդարտվի, գոնե կարտոլը հասցնենք հավաքենք»: Նպատակ կար, ձգտում կար, ամեն ինչ կար, բայց վախ չկար: Եվ նորից, ամեն մի կրակոցի, ամեն մի գնդակոծության, ամեն զոհվածի ու վիրավորի հետ ուղեղումս պտտվում էր գալ շոյանական տողը. «Էս հին ու նոր օրեր, էս մամռոտ օրեր...»:

Մեր ծնողները, մեր տատիկ-պապիկները մեզ զգաստացնելու, մեզ մի քիչ կարգի հրավիրելու համար, «հայրեր-որդիներ»-ի հավերժական «կռվի» շրջանակներում հիշեցնում էին, որ իրենք պատերազմ են տեսել, որ սով են տեսել, որ... ախր, մենք ինչ գիտենք՝ պատերազմն ու սովն ինչ են, դժվար կյանքն ինչ է: Հիշեցնում էին և... փափագում, որ հանկարծ երբեք չտեսնենք, որ հանկարծ երբեք չիմանանք: 

Թեկուզ մի քիչ էլ այնպիսին չլինեինք, ինչպես իրենք էին ցանկանում մեզ տեսնել, ոչինչ, բայց հետներս կռիվ տալով՝ Աստված էին կանչում, որ հանկարծ պատերազմ, սով, արհավիրք չտեսնենք, չտեսնենք ու չիմանանք այն ամենը, ինչ իրենք են տեսել: «Հին օրհնության» պես: Ուզում էին, որ երբեք չասենք, թե «ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել»...

Եվ 88-ի ավերիչ արհավիրքից հետո, Արցախյան պատերազմի տարիներին անընդհատ մտածում էի, թե տարիներ անց, երբ զավակներս արդեն հասկանալու, ընկալելու ունակ լինեն, մեծ լինեն, ես էլ երևի մի քիչ «երեսով կտամ»: 

Կասեմ՝ դուք անհոգ կյանքի եք սովոր, դուք ինչ գիտեք՝ ինչ է պատերազմը, ինչ է երկրաշարժը, ինչ է ընկեր ու հարազատ կորցնելը, ինչ է ամեն օր մի երիտասարդի, մի օջախի սյան կորստի մասին լսելը, ինչ է ոտքով աշխատանքի գնալը, օրը երկու ժամ լույս ունենալը, առավոտյան կիսամթնին ցրտի ու քամու տակ ժամերով հացի հերթ կանգնելը, յուրաքանչյուրիս 400 գրամ՝ ընթացքում հիշելով ու անձրևի ամեն կաթիլի, ձյան ամեն փաթիլի, ոսկորներդ սառեցնող քամու հետ քիչ-քիչ հասկանալով, թե տատդ ինչու էր հանկարծ գետնին ընկած հացը համբուրում ու դնում մի բարձր տեղ...

 Երբ հանկարծ չստացած քննության, նույն շորը երրորդ անգամ հագնելու կամ մեկ այլ չնչին նեղության պատճառով հուսահատված կլինեն, կասեմ՝ մենք ապրում էինք հոգեմաշ ապրումների, հոգեհան տողերի մեջ, ինչպես՝ «բարևներս կամաց-կամաց պակասում են», բայց երբեք, լսո՞ւմ եք, երբեք չենք հուսալքվել, մենք հավատում էինք, որ այդ ամենը հաղթահարելու ենք անպայման, որ գալու է այն օրը, երբ... երբ իրենց «երեսով ենք տալու» այդ ամենը: Կասեմ ու ինքս էլ կփափագեմ, որ մի քիչ «երեսառած» թող լինեն, մի քիչ «ուրիշ» թող լինեն, թեկուզ մի քիչ էլ այնպիսին չլինեն, ինչպես մենք էինք ցանկանում իրենց տեսնել, ոչինչ, բայց թող հանկարծ պատերազմ, սով, արհավիրք չտեսնեն, չտեսնեն ու չիմանան այն ամենը, ինչ մենք ենք տեսել: «Հին օրհնության» պես:

Գուցե և ասել եմ, սակայն մասամբ... Մեր երեխաները, այսօրվա երիտասարդները այդպես էլ չազատվեցին պատերազմի բեռից, հա, կենսակերպը գուցե անհամեմատ լավն է, բայց պատերազմի շունչը, պատերազմի բեռը, ընկերոջ, հարազատի կորստյան ցավը ուղեկից եղավ և է՛ նաև նրանց...

Երեկ պատուհանից նայում էի կիսադատարկ փողոցներին, ոստիկաններին, առավոտյան աշխատանքի էի ճանապարհում դստերս... Տխուր էր: Ու հանկարծ մի ծանր, ծանրագույն մի միտք շանթահարեց ուղեղս. նրանք էլ մի օր իրենց զավակների «երեսով են տալու», որ իրենք անընդմեջ կիսապատերազմի մեջ են եղել, որ սահման են պահել, ամեն բանակ գնացող դասընկերոջ, կուրսընկերոջ, եղբոր, բարեկամի հետ անհանգիստ երկու տարի են անցկացրել, որ իրենք կորոնավիրուս են հաղթել: 

Հա, հենց հաղթել, հա, հենց այսօր՝ այս կիսադատարկության, այս մեկուսացման, այս սահմանափակումների ժամանակ եմ ասում՝ հաղթել: Մեր զավակներն էլ «հայրուորդիների» կռիվ են տալու (մենք էլ՝ նրանց հետ ու նրանց զավակների հետ) ու էլի փափագելու են այն, ինչ փափագել են մեր տատիկ-պապիկները, մեր ծնողները, հենց մենք: «Հին օրհնության» պես:

Ծա՞նր է: Իհարկե, ծանր է: Գիտեմ՝ շատերս արդեն սկսելու ենք կարոտել սրճարանի մի բաժակ սուրճը, զբոսանքը, գեղեցկության սրահը, այնքան «հոգնեցրած» դպրոց, բուհ ու աշխատանքի գնալը, ձեռքով միմյանց ջերմ բարևելը, նույնիսկ... ամենադաժան խցանումները: Այն ամենը, ինչ մի քանի օր առաջ մեր սովորական առօրյան էր: 

Ավելի կամ պակաս ծանր օրեր քիչ չեն եղել, հաղթահարել ենք: Սա էլ է ժամանակավոր: Սա էլ ենք հաղթահարելու, հուսանք՝ հնարավորինս արագ ու անկորուստ: Բայց գուցե այս ամենը թույլ տա գնահատել այն ամենն, ինչ ունենք, նույնիսկ առօրյա կյանքում չնչին թվացող բաները, ամենակարևորը՝ գնահատել միմյանց, մի քիչ ավելի բարի լինել, մի քիչ ավելի հանդուրժող, գուցե կարողանանք մաքրել, ախտահանել առաջին հերթին մեր ներսը, ու էլի, ու էլի՝ արժևորենք այն ամենն, ինչ ունենք...

«Էս հին ու նոր օրեր, էս մամռոտ օրեր... անկռիվ ու անփորձանք ապրինք»...

Արտակ Ճաղարյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են աջակցության նոր ծրագրերը Կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել «Նորք» ինֆեկցիոնում Մեր հերոս բժիշկները. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ըստ գերմանացի բժշկի՝ տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են տանում կորոնավիրուսը․NZZ Ինչպես չպայքարել կոռուպցիայի դեմ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փորձը Պարետի որոշմամբ մի շարք սուպերմարկետների գործունեությունն արգելվել է 6 ժամով Կոսովոն վերացրել է 100 տոկոսանոց մաքսավճարը սերբական ապրանքների ներմուծման համար Հրազդան քաղաքի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ. քաղաքապետ (ֆոտո) Հարգելի իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին. Արսեն Բաբայան Գեղարքունիքի մարզի բոլոր մուտքերի մոտ գործելու են հսկիչ անցակետեր. մարզպետ (ֆոտո) ՀՀ–ում գտնվող ԱՀ քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը Արցախի ԱԺ կանցնի հինգ կուսակցություն Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում Ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 264 անձ է տուգանվել Արմեն Սարգսյանը օրենքներ է ստորագրել Կասկածելի նախագիծն ընդունելը՝ իշխանությունների չպատճառաբանված հերթական քայլերից «Գազպրոմ»-ը ուզում է գազի գինը բարձրացնել 36 տոկոսով Սկանդալային օրենքը պատուհաս՝ ժողովրդավարության համար ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պարետից խնդրում է պարզաբանել
Կլորիկ փորիկով Գոհար Ավետիսյանը սեքսուալ ներքնազգեստով լուսակարներ է հրապարակել Թեմուրի ռուբին. Լենկթեմուրից մինչև մերօրյա շեյխ Ընտրեք բոցը և իմացեք ձեր ապագան Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները 2020-ի համար . նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան Ալկոհոլային ո՞ր խմիչքն է ամենից շատ ազդում կանանց սեռական ցանկության վրա Ո՞վ կմտածեր, որ էս օրին կհասնենք․ Կարեն Ասլանյանը ցույց է տվել, թե ինչ տեսքի է հասել կորոնավիրուսի պատճառով Ընտրիր վարդը և կիմանաս, թե երբ և ինչպես կկատարվի մտքումդ պահած ցանկությունը Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա… Մայրը վերջին անգամ լուսանկարվեց իր մեռնող դստեր հետ. Այն ինչ նա նկատեց լուսանկարում, շոկի ենթարկեց ամբողջ աշխարհը
website by Sargssyan