Նպատակային ծրագրեր երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու համար. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը ներառում է երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 20202023 թթ. պետական աջակցության ծրագրերը:
Նախարարությունը նշում է՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման քաղաքականության շրջանակներում ներկայացվող նախագծի նպատակը բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրումն է երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքներին՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն և երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին:
Նախագծում նշվում է՝ մեր կառավարության առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը։
Կառավարության ծրագրի համաձայն՝ նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով նախատեսվում է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։
Համաձայն կատարված ուսումնասիրությունների՝ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիրներից են բնակարանային պայմանների բարելավումը և արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորությունը։ Հաշվի առնելով սա, առաջարկվում է իրականացնել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության նպատակային ծրագրեր:
Հայաստանում իրականացվել և իրականացվում են բնակարանային ապահովության մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով պետական աջակցություն է տրամադրվում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին։ Սակայն այդ ծրագրերի հիմնական մասն իրականացվում է նպատակային բնակարանաշինության միջոցով։
Արդյունքում դրանք հասանելի չեն մարզերում, բացառությամբ առանձին դեպքերի՝ բնակարանային ապահովության պետական աջակցության գործող ծրագրերով էական արտոնություններ սահմանված չեն երեխա ունեցող ընտանիքների համար։ Առանձին դեպքերում այդ ծրագրերի նպատակներին համահունչ սահմանված են տարիքային սահմանափակումներ, սակայն արտոնություններ սահմանված չեն հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքներում երեխա ծնվելու դեպքում, ինչն էապես նվազեցնում է այդ ընտանիքում երեխա ծնվելու հավանականությունը, հատկապես այն դեպքում, երբ կինն աշխատում է։
Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների դեպքում խնդիր է նաև կանխավճարը, հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիմնականում անշարժ գույքը ձեռք է բերվում երկրորդային շուկայից (այսինքն՝ բարձր է կանխավճարը)։ Մյուս կողմից, երեխայի խնամքը ենթադրում է նաև ծախսեր, ինչն օբյեկտիվորեն սահմանափակում է կանխավճար կատարելու համար անհրաժեշտ միջոցները խնայելու հնարավորությունը։
Այս ծրագրերի հիմնական նպատակներն ու խնդիրներն են աջակցել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար, խթանել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում, երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռել շահառուներին համատեղել հիփոթեքային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեքային վարկ մարող ընտանիքներում։
ՀՀ 2020 թ.-ի պետբյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է մոտ 527 մլն դրամ։ 2021-2023 թթ. ժամանակահատվածում այդ ծրագրերի գծով ծախսը կանխատեսվում է տարեկան 1,1 մլրդ դրամ։ Անհրաժեշտ միջոցները նախատեսված են 2020 թ.-ի պետբյուջեով։
Նախագծին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ E-draft.am կայքում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում