Հայաստանը ստիպված է լինելու տնտեսական ռեստարտը սկսել ոչ թե զրոյից, ինչպես Փաշինյանն է հայտարարում, այլ մինուսից․ «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի տարածումը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ ոչ ստանդարտ զարգացումների։ Ճգնաժամի արդյունքում տնտեսության տարբեր ճյուղեր հայտնվեցին միանգամայն դժվարին դրության առաջ, իսկ վերականգնման համար տևական ժամանակ ու պետության կողմից հետևողական աջակցություն է պետք։
Ուշագրավն այն է, որ մինչ համավարակի տարածումը ՀՀ իշխանությունները հայտարարում էին, թե երկրի տնտեսությունը թափով զարգանում է, տնտեսական հեղափոխության իրականացումն անկասելի է, սակայն կորոնավիրուսի տարածումից հետո իշխանությունների հռետորաբանության մեջ անմիջապես փոփոխություններ նկատվեցին։
Այսպես, մարտին՝ վարակի տարածման սկզբնական շրջանում, Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարում էր, թե 2018-2019 թվականների արդյունքներով Հայաստանը կուտակել է շատ մեծ տնտեսական պոտենցիալ՝ տնտեսական ռեստարտ իրականացնելու, տնտեսական հեղափոխությունը զրոյից սկսելու համար:
Սակայն որքան ժամանակն անցավ, այնքան տնտեսական խնդիրները շարունակեցին խորանալ։ Անգամ չօգնեց 2018-2019 թվականների արդյունքներով Հայաստանի կուտակած տնտեսական պոտենցիալը։ Եվ արդյունքում Հայաստանը ստիպված է լինելու տնտեսական ռեստարտը սկսել ոչ թե զրոյից, ինչպես Փաշինյանն է հայտարարում, այլ մինուսից։
Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը՝ չնչին բացառությամբ, կրախի առաջ են կանգնել։ Մեր տնտեսությունը նաև մեծապես տուժում է նրանից, որ ժամանակին իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանի տնտեսական կախվածությունը որոշակի տնտեսական գործունեության ուղղություններից և առանձին գործընկեր երկրներում առկա տնտեսական իրավիճակից չի թուլացել։
Ուստի պատահական չէ, որ տնտեսական անկման պայմաններում կառավարությունը նախատեսում է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169,1 մլրդ դրամով:
Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5 տոկոսի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:
Եվ մինչ առկա իրավիճակի պայմաններում մեծ թվով քաղաքացիներ կոմունալների վճարման և իրենց պահանջմունքները բավարարելու խնդիրների առաջ են կանգնած, կառավարությունը նոր արտոնություններ է ստանում պետական բյուջեն տնօրինելու հարցում։
Սա ելնում է պետական բյուջեի ծախսային ծրագրերի միջև հատկացումների վերաբաշխումներ իրականացնելու գործադիր իշխանության ցանկությունից։ Եվ եթե ծախսը գերազանցում է պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմանաչափը, ապա օրենքի համաձայն, կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնի Ազգային ժողով՝ վերջինիս համաձայնությունը ստանալու նպատակով։
Սակայն օրեր առաջ կառավարությունը ԱԺ-ում կայացած քվեարկության արդյունքում հնարավորություն ստացավ իր իսկ հայեցողությամբ կատարել ծախսային վերաբաշխումներ՝ գերազանցելով 3 տոկոսի սահմանաչափը, և դրա համար ԱԺ-ի համաձայնությունը ստանալու կարիքը չի լինելու։ Սրանով ծախսային վերաբաշխումների նկատմամբ պառլամենտական վերահսկողությունը նվազագույնի է հասցվում։
Ու ընդհանրապես, ի՞նչ երաշխիքներ կան, որ կառավարության կողմից ֆինանսական հատկացումները արդյունավետ են բաշխվելու և նպաստելու են բիզնեսի զարգացմանը։ Այս առումով հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ այս օրերին հարյուրավոր դեպքերի մասին ենք լսում, որ ծրագիրը մերժում է քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու հարցում ինչ-որ գոյություն չունեցող խնդրի պատճառով, կամ էլ մարդիկ շատ չնչին գումարներ են կարողանում ստանալ։
Այնինչ, այս փուլում կատարվող քայլերը էական նշանակություն են ունենալու մոտ ապագայի իրավիճակի հետ կապված, և հանրային վերասկողությունը առանցքային դերակատարություն է ձեռք բերելու կառավարության ծրագրերի և քայլերի նկատմամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում