«Երբ ժո­ղովր­դա­վա­րու­թյուն չի լի­նում, երբ որակն ու ար­ժեք­նե­րը չեն փոխ­վում, նույ­նա­բո­վան­դակ են լի­նում նաև երև­ույթ­նե­րը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ եղել է 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին, և այն զարգացումները, որոնք շարունակվում են, որևէ աղերս չունեն արժեքների փոփոխության հետ: Պարզապես մի քաղաքական ուժ հեռացել է իշխանությունից, որին փոխարինելու է եկել մյուսը: Տարբերությունն ընդամենը անուն-ազգանունների մեջ է: 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք խորհրդարանական խնդիրներին, զսպվածության բացակայությանը, անթույլատրելի բառապաշարով հայտարարություններին ու պետական ապարատում առկա դժգոհություններին:

«Ըստ էության, այս ընթացքում ոչինչ չփոխվեց: Ամեն ինչ մնաց սևերի ու սպիտակների, լավ ու վատի տրամաբանության մեջ: Եթե այս ամենը մնում է, որակական փոփոխությունների սպասելը միամտություն է: Իշխանությունն ասում է՝ հեղափոխություն և արժեքների փոփոխություն է եղել: 

Բայց մենք մինչ այս էլ ականատես ենք եղել շատ օրինակների, երբ այս կամ այն իրադարձությունը մեզ հիշեցրել է նախկինում տեղի ունեցած նման երևույթների մասին: Այն, ինչ մայիսի 8-ին տեղի ունեցավ խորհրդարանում, պարզապես հերթական օրինակներից մեկն էր: 

Այսօր էլ մեղավորության վեկտորները չեն փոխվել՝ դրանք շարունակում են ընդդիմության կողմն ուղղվել: Մենք տեսնում ենք նաև մեծամտաբար ընդդիմությանը դասեր տալու, քննադատությունը սխալ համարելու բազմաթիվ դեպքեր: 

Զուգահեռ՝ իշխանական թիմի՝ նախկինում անգամ վստահություն ներշնչող փորձագետները, քաղհասարակության ներկայացուցիչներն են այսօր փոխակերպվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը՝ շեշտելով, որ խնդիրն ավելի գլոբալ է:

«Խնդիրը քաղաքական համակարգի որակն է: Երբ իրականում ժողովրդավարություն չի լինում, երբ որակն ու արժեքները չեն փոխվում, նույնաբովանդակ են լինում նաև երևույթները: 

Բնականաբար, այս պայմաններում իշխող քաղաքական ուժը մերժողական վարքագիծ է դրսևորում՝ նշելով, որ ընդհանրապես մեղավոր չէ, հետո նաև անհասցե հայտարարություններ ու վերացական քննադատություն է հնչեցնում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Բացի անուն-ազգանուններից, քաղտեխնոլոգը, մինչև 2018թ. ապրիլ-մայիս ու դրանից հետո ընկած ժամանակահատվածի առումով մեկ այլ տարբերություն էլ է առանձնացնում: «Նախկին քաղաքական թիմը երկու մասի էր բաժանված. կար գաղափարական և ապագաղափարական հատված: 

Կային ՀՀԿ-ականներ, որոնք առաջին խմբում էին, նրանք գրագետ էին և որոշ իրադարձություններից հետո չէին անցնում ընդդիմադիրներին դասեր սովորեցնելու գործին: Այդ քաղաքական դեմքերը իրենց զուսպ և լոյալ էին պահում: 

Փոխարենը դասեր տալու գործընթացն իրականացվում էր ոչ քաղաքական դեմքերի կողմից, որոնք պարզապես կուսակցության անդամներ էին: Իսկ ի՞նչ փոխվեց 2018թ.-ից հետո: Հիմա քաղաքական ղեկավար կազմում պատգամավորներ, պաշտոնյաներ են, որոնք ընդամենը իշխանության են եկել վարչապետի շնորհիվ: 

Չկա որևէ գաղափարաքաղաքական ուղղվածություն: Սա է պատճառը, որ իրենք արդեն ամբողջական կազմով են արդարացնում այն, ինչը նախորդ իշխանությունների դեպքում անում էր միայն ապագաղափարական թևը: 

Իշխող քաղաքական ուժի մոտ մեծամասամբ չկա այն կրթված, գրագետ ու լոյալ մասը, որը գոնե առերես հեռու կմնար բռնության քարոզից: 

Մեծ հաշվով, իշխող քաղաքական ուժն ամբողջությամբ կազմված է ապագաղափարական զանգվածից, որի վառ վկայությունը մայիսի 8-ի ծափերն էին»,նկատեց նա:

Քաղտեխնոլոգի հետ զրույցում անդրադարձանք նաև արտախորհրդարանական հատվածին, որտեղ չի բացառվում նաև կոնսոլիդացիայի հնարավորությունը: Արմեն Բադալ յանը նախ ընդգծեց՝ վերջին 30 տարում շատ է լսել նման կոնսոլիդացիաների և նոր բևեռների ձևավորման մասին:

«Այդ հնարավորության մասին միշտ է խոսվել, եղել են անգամ նման բևեռների ձևավորման հստակ օրինակներ: Բայց խնդիրն այլ է: Խնդիրն անգամ կոնսոլիդացիան չէ: Դա, իհարկե, կարևոր է, բայց առաջնային չէ: Հարցը ձևավորվող անգամ մեկ ուժի գրագետ աշխատանքն է:

Եթե գրագետ աշխատեց, շատ ավելի դրական արդյունքների կարող է հասնել, քան, եթե, օրինակ՝ ոչ գրագետ աշխատող մի բևեռի մեջ մտնի, ուր կա 100 ուժ: Եթե խորհրդարանից դուրս գտնվող անգամ ընդդիմադիր բոլոր ուժերը կոնսոլիդացվեն, բայց գրագետ չաշխատեն, այդ կոնսոլիդացումը ոչ մի արժեք չի ունենա: 

Խնդիրը կոնսոլիդացիան կամ ուժերի քանակը չէ, խնդիրը որակն է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ նման գործընթացներ նկատել է, բայց գրագետ աշխատանքի առումով վերապահումներ ունի:

Անդրադառնալով պետական կառավարման խնդիրներին ու պետական համակարգում առկա դժգոհությունների հնարավորությանը՝ մեր զրուցակիցը ընդգծեց. 

«Այո, պետական ապարատում դժգոհություններ կան, ինչն անխուսափելի է հատկապես առկա անհավասարության պայմաններում: Խոսքը միլիոններով պարգևավճարներ ստացող վերադասների և ոչինչ կամ շատ քիչ գումարներ ստացող օղակների մասին է: Իհարկե, չի բացառվում, որ կան կառույցներ, որտեղ հավասարությունը կպահպանվի, բայց, ընդհանուր առմամբ, խնդիր կա: 

Հարցը նաև այն է, որ պարգևավճարներ են ստանում հատկապես գործից ոչինչ չհասկացող ղեկավարները: Նման դեպքերում մյուս պաշտոնյան ցանկություն չի ունենում աշխատել ու պարզապես ձևացնում է, թե աշխատում է: 

Այս դեպքում արդեն գործ ենք ունենում թաքնված սաբոտաժի հետ, ինչն, իհարկե, ազդում է իշխանության վրա, որովհետև իշխող քաղաքական ուժի շատ որոշումներ կա՛մ կյանքի չեն կոչվում, կա՛մ էլ շատ մեծ դժվարությամբ են կյանքի կոչվում: 

Իսկ երբ որոշումների առումով նման խնդրի հետ են բախվում, սա հանգեցնում է դժգոհության, որոնք կարող է օգտագործել ընդդիմադիր այս կամ այն ուժը՝ գրագետ աշխատանքի դեպքում: Եթե կարողանա օգտագործել, արդյունք կունենա, եթե ոչ, ապա պարզապես գոլորշին մի տեղից դուրս կգա. մի տեղ կգտնեն, ճանապարհ կփակեն ու այդպիսով ամեն ինչ կանցնի, կգնա»:

Քաղտեխնոլոգի խոսքով, առհասարակ, իշխող քաղաքական ուժն ու հատկապես վարչապետը երբեք չեն ընդունում պատասխանատվության բաղադրիչը:

«Եթե գործը չի հաջողվել, անհաջողության պատասխանատուն մի դեպքում՝ դառնում են նախարարները, մյուս դեպքում՝ տեսչության ղեկավարները, փոխնախարարները, «ռոբասերժական» ռեժիմը, «ծախված» լրատվամիջոցները, ընդդիմությունը: 

Բոլորը՝ բացի իրենցից ու հատկապես վարչապետից. դրականն իրենն է, բացասականը՝ ոչ: Սա աշխարհում բոլոր քաղաքական գործիչներին է բնորոշ, պարզապես սահմանների խնդիր կա: 

Պոպուլիզմով զբաղվող գործիչներն այդ մեթոդը գերագնահատում ու մաքսիմալի են վերածում»,-ասաց նա:

Արմեն Բադալյանը չի բացառում, որ մի օր կարող ենք կառավարելիության խնդիր ունենալ, բայց, ըստ նրա, դա միայն մեկ դեպքում կարող է լինել: «Հայաստանում դե յուրե կառավարման խորհրդարանական համակարգ է: Սա նշանակում է, որ պետք է լինի քաղաքական ուժի կառավարման հարց: 

Բայց ոչ թե քաղաքական ուժը, այլ մեկ մարդ է կառավարում, իսկ կառավարման հիմնական մեթոդը հետևյալն է՝ «ручное управление»: Նման դեպքերում կառավարման խցանումներ են լինում: 

Այս պահին, այո, կառավարման որոշ հարցեր կան, բայց քանի որ Հայաստանը փոքր երկիր է, վերոնշյալ մեթոդով դեռ ստացվում է հարցեր լուծել: Այս մեթոդը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը գրագետ չի գտնվի ու չի կարողանա ակումուլացնել սոցիալական դժգոհությունը: 

Երբ ակումուլացնի, կառավարման մեխանիզմը միանգամից կփոխվի. երբ ընդդիմությունը կարողանա գրագետ օգտագործել սոցիալական դժգոհությունը, «ручное управление» կոչված մեթոդն այլևս չի աշխատի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

COVID-19-ով վարակված 5 օրական փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․ ԵՊԲՀ ռեկտոր (տեսանյութ) «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով Ինչ ասում էր Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ, ոմանք այսօր են նոր միայն հասկացել Դեռևս Կառավարության ձևավորման օրերին էր Գ.Ծառուկյանն ասում, որ կարևոր պաշտոններում պետք է նշանակվեն փորձառություն ունեցող մասնագետները Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ Սյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ) ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան
website by Sargssyan