Չինաստանում խոստովանել են, որ Ուհանում կրճատել են կորոնավիրուսի բռնկման մասշտաբները
ՀասարակությունՉինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը հաստատել է, որ սկզբնական շրջանում Ուհանի տեղական իշխանությունները թաքցրել են բռնկման իրական մասշտաբները։ Այդ մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում։
Գլխավորելով բռնկումը հետազոտելու նպատակով գործուղված փորձագետների խումբը՝ Չժուն այցելել էր Ուհան դեռեւս հունվարի 18-ին։ Ժամանելուն պես նա ստացել էր բազմաթիվ զանգեր բժիշկներից, որոնք նախազգուշացրել էին, որ քաղաքում իրավիճակը շատ ավելի լուրջ էր, քան հաղորդվում էր պաշտոնական լրահոսում։
«Սկզբում իշխանությունները լռել են, այնուհետեւ ես ենթադրել եմ, որ, ըստ ամենայնի, ավելի շատ մարդիկ են վարակվում»,-նշել է համաճարակաբանը։
Չժունը նշել է, որ նա նաեւ կասկածել էր ինչ-որ բան, երբ Ուհանում պաշտոնապես գրանցված հիվանդների թիվը մնացել էր 41-ի մակարդակում 10 օր շարունակ՝ չնայած այդ վարակի տարածմանն արտերկրում։
«Ես չէի հավատում այդ արդյունքին, ուստի ես [շարունակում էի] հարցնել, իսկ այնուհետեւ ինձ դժկամությամբ տրամադրել էին այդ տեղեկատվությունը»,-հավելել է նա, հաղորդում է Gazeta-ն։
Հեռուստաալիքը նշում է, որ հունվարի 20-ին Չժուն հաստատել է CCTV պետական հեռուստաալիքով տեղեկությունները, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն, երբ Ուհանի առողջապահության մարմինները շաբաթներ շարունակ պնդում էին, որ չկան մարդկանց միջեւ վիրուսը փոխանցելու ակնհայտ ապացույցներ եւ բռնկումը «կանխարգելվող էր ու վերահսկելի»։