Սոցիալական պատասխանատվություն, կամ՝ ինչ տեսնում, այն սովորում ենք. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Սոցիալական պատասխանատվությունը միայն արտակարգ վիճակների համար չէ, բայց այդ տերմինի մասին շատերը երևի թե միայն վերջերս իմացան, երբ երկրում սկսեց թափ հավաքել կորոնավիրուսի համավարակը: Ի՞նչ է սոցիալական պատասխանատվությունը: Առավել պարզ ասած՝ պատասխանատու լինել սեփական քայլերի համար, որոնք որևէ կերպ չեն վնասի հասարակության մյուս անդամներին:
Համաճարակային այս օրերին կառավարությունը, մեղմացնելով որոշ սահմանափակումներ, նշում է, որ համաճարակի հաղթահարման դեպքում կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատու մոտեցումը:
Տեսեք՝ պարետի որոշման մեջ հստակ նշված է, որ հանրային տրանսպորտով երթևեկելիս քաղաքացին պետք է կրի դիմակ ու ձեռնոց, մինչդեռ միայն մեր տան հարակից կանգառում մեկ օրվա մեջ ոստիկաններն ավտոբուսներից իջեցնում էին քաղաքացիներին, քանի որ նրանց մեջ կային մարդիկ, որոնք դիմակ չէին կրում:
Նույնը նաև կատարվում է խանութներում, ավելին՝ նման միջադեպի ականատես եղա անձնագրային և վիզաների վարչությունում, երբ մի տղամարդ հաստատուն քայլերով առանց պաշտպանիչ միջոցների փորձում էր ներս մտնել, իսկ աշխատակցի սաստող նախազգուշացումից հետո ասաց՝ է, ի՞նչ կլինի որ:
Այո, մենք կարգապահ չենք, սա չի եղել նախկինում, չկա նաև հիմա:
Երբ ասում են խանութում կանգնեք համապատասխան գծերի մոտ և պահպանեք սոցիալական հեռավորությունը, ծիծաղդ գալիս է: Եթե մարդն առհասարակ նման սովորություն չունի, ինչպես նա դա կանի հիմա, ի վերջո, նրա կյանքում ոչինչ չի փոխվել: Մենք հերթ կանգնելու սովորական «մշակույթին» այդպես էլ չկարողացանք տիրապետել, ուր մնաց մնացածը:
Դեղատանը կանգնած ես, թվել ես անհրաժեշտ ապրանքների անվանումները, վաճառողը անցկացնում է դրանց կոդերը համակարգչով, մեկ էլ զգում ես, որ աջ ուսդ մի տեսակ «ծանրացավ»:
Դեղատան հսկա տարածքը թողած՝ տիկինը որոշել է «հանգրվանել» ուսիդ, գուցե ոչ կորոնավիրուսային, բայց հնարավոր է այլ բացիլներն արտաշնչելով քո ուղղությամբ: Երկու տարբերակ ունես՝ կա՛մ բարկանալ, կա՛մ էլ, հասկանալով, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, կատարել գնումներդ ու դուրս պրծնել խանութից: Արդարության համար ասենք, որ, իհարկե, սա բոլորին չի վերաբերում:
Բայց այս պատասխանատվությունը, որն ավելի շատ դաստիարակություն եմ կոչում, կա՛մ կա, կա՛մ չկա: Երրորդ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեկ կարևոր դիտարկում էլ:
Պատասխանատվությունը պետք է «վերևից» թելադրվի, ի վերջո, քաղաքացին, ինչպես երեխան, սովորում է այն, ինչ տեսնում է: Այդ պատճառով նաև պաշտոնյաների քայլերից է շատ բան կախված: Ոչ միայն որոշումներ ընդունել, այլ նաև սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես պետք է դրանք կյանքի կոչվեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում