«Երազում եմ բալիկ ունենալու մասին». Մարինա Գրեգ
LifestyleՄայիսի 23-ին Մարինա Գրեգը դարձել է 32 տարեկան: Հաղորդավարուհու հետ BRAVO.am-ը զրուցել է ծննդյան օրը Տաթեւի վանքում անցկացնելու, անմոռանալի տարեդարձի եւ համավարակի պատճառով հետաձգված ծրագրերի մասին: Մարինան խոստովանել է, որ շատ երջանիկ է, երեխան էլ կամբողջացնի իրենց ընտանիքը:
«Սիրում եմ ծննդյանս օրն ու ամեն տարի փորձում եմ ընկերական, թեկուզ փոքր, հավաքույթ կազմակերպել: Որքան էլ կարանտինային սահմանափակումները մեղմացվել են, միեւնույն է, դեռ որոշակի վախեր ունեմ: Չցանկանալով վարակի տարածման աղբյուր դառնալ՝ որոշեցի օրս ամուսնուս հետ անցկացնել: Նա շատ է սիրում Հայաստանով մեկ շրջագայել ու իմանալով, որ կան վայրեր, որտեղ ես դեռ չեմ եղել, առաջարկեց Տաթեւ գնալ: Չէի զգում, որ տարեդարձս է, սովորական ուրախ եւ հետաքրքիր օր էր: Երեկ էլ իմ ու ամուսնուս ընտանիքի անդամաներն էին մեզ հյուր եկել, մոտ ութ հոգով ընթրեցինք»,- պատմել է հոբելյարը:
Կյանքից դժգոհելու առիթ չունի.«Ամեն անգամ վերլուծում եմ անցնող տարին ու շնորհակալություն հայտնում բոլորին, ովքեր նպաստել են իմ երջանիկ լինելուն: Նյութական առումով ոչինչ չեմ ուզում. ինչ պետք է անհոգ ապրելու համար՝ մենք ունենք: Հոգեպես էլ ինքս ինձ հետ ներդաշնակ եմ: Ունեմ ինձ սիրող ամուսին, ում կողքին շատ երջանիկ եմ: Այս շրջանում միայն բալիկ ունենալու մասին եմ երազում: Փոքրիկը կամբողջացնի մեր ընտանիքն ու մեր երջանկությունը»:
Որպես անմոռանալի տարեդարձ՝ առանձնացրել է 29-ամյակը.«Այդ անգամ միայնակ էի նշում ծնունդս: Ընկերուհուս հետ որոշել էինք Դուբայ գնալ, բայց վերջին պահին նրա մոտ խնդիրներ առաջացան, ու ես ստիպված միայնակ մեկնեցի: Պառկել էի օվկիանոսի ափին, արեւայրուք էի ընդունում ու շնորհավորանքներին պատասխանում»: