Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, որով­հե­տև վա­ղը կա­րող է ուղ­ղա­կի չլի­նել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հեռախոսակապի հետ կապված խնդիրներ կան: Եկել եմ ծառայություններ մատուցող ընկերության գրասենյակ, վերցրել իմ սպասման կտրոնը: Ինչպես բոլորը, այնպես էլ ես սպասում եմ, որ էկրանին հայտնվի կտրոնիս վրա գրված թիվը և մոտենամ աշխատակցին՝ հարցերիս պատասխան ստանալու համար: 

Սպասում ենք: Մեկ էլ քամու ուժգնությամբ գրասենյակ է ներխուժում միջին տարիքի կին, շրջանցում բոլորիս, մոտենում սպասարկող աշխատակիցներից մեկին ու սկսում արագարագ ներկայացնել իր հարցերը: Ո՛չ քաղաքացիների սաստող հայացքները, ո՛չ օպերատորի արձագանքը, որ սպասողներ կան և պետք է կտրոն վերցնել, որևէ նշանակություն չունեցան տիկնոջ համար:

Այո՛, այսպիսին ենք մենք: Մեզ ո՛չ վարակվելու, ո՛չ համաշխարհային մեծ ջրհեղեղի վտանգը, ո՛չ էլ որևէ այլ բան չի փոխի: Այդպիսին ենք մենք, դա մեր բնույթն է: 

Աշխարհը պետք է քանդվի ու նորից կառուցվի, որպեսզի սովորենք տարրական կանոններ, օրինակ՝ ինչպես հերթ կանգնել խանութում, հարգել մեկս մյուսի անձնական տարածքի իրավունքը, բարձրաձայն չխոսել, «մունաթ» չգալ: Քանի-քանի անգամ եք բարկացել, երբ զգացել եք ինչ-որ անծանոթի շնչառությունը ձեր մեջքի հետևում, քանի-քանի անգամ եք կռվել, վիճել, երբեմն էլ լռել, քանի որ հասկացել եք՝ անօգուտ է, ոչինչ չեք փոխի:

Մենք, ես, մենք, ես, մենք… որքան ենք օրվա մեջ արտաբերում այս բառերը՝ չենք էլ հասկանում, որ երբ մեր անձը դնում ենք ամենաբարձր տեղում, մեզ ամենալավն ենք համարում, նշանակում է՝ վերջ, այլևս աճելու տեղ ու հնարավորություն չունենք, ամեն ինչ վերջացած է մեզ համար: Շատ դեպքերում բացառապես պահանջում ենք՝ առանց խոսելու այն մասին, թե ի՞նչ կարող ենք տալ ինքներս, ո՞րն է պատասխանատվության մեր չափաբաժինը մեր երկրի ու ընտանիքի, ընկերների ու բարեկամների առջև:

Հաճախ եմ մտածում՝ ինչո՞ւ այդպես էլ չենք կարողանում սովորել և հաճախ կիրառել երեք կախարդական բառը, ոչ միայն արտաբերել, այլ նաև հասկանալ դրանք խորությամբ: Երեք կախարդական բառ, որ կարող են փոխել ոչ միայն մեր օրվա, այլ նաև կյանքի ընթացքը՝ «խնդրեմ, ներողություն, շնորհակալություն»:

 Այդպես էլ չսովորեցինք շնորհակալ լինել, երբ խանութում, բժշկական կենտրոնում, պետական հիմնարկում, կրթական հաստատությունում կամ էլ այլ տեղ մեզ որևէ ծառայություն են մատուցում: Այո՛, նրանք իրենց գործն են անում, բայց ինչպես են սկսում փայլել մարդու աչքերը, և դեմքին ժպիտ է հայտնվում, երբ այդ մեկ հատիկ բառն է լսում՝ շնորհակալություն: Դրա կախարդանքն անսպառ է, մինչդեռ այնպես ենք շփվում մարդկանց հետ, կարծես թե նրանք մեզ պարտք են:

 Այո՛, խանութի վաճառողն իր աշխատանքն է կատարում, դրա համար վարձատրվում է, նա չի սպասում դափնիների, բայց մեկ շնորհակալությունը նրա հոգնածությունը վերացնում է, մեկ ժպիտը նրան ուժ է տալիս առավոտյան ժամը ութին նորից աշխատանքի գնալ: 

Եղել է դեպք, որ զանգահարել եմ կազմակերպություններից մեկի թեժ գիծ և իմ դժգոհությունն արտահայտել, իսկ վերջում էլ ես եմ ներողություն խնդրել, քանի որ հասկացել եմ՝ ակամայից բարձր ու զայրացած տոնով եմ խոսել երիտասարդ աղջկա հետ, որն ընդամենը պատասխանում է քաղաքացիների զանգերին, ինքն ի՞նչ մեղավոր է, որ ինչ-որ մեկը չգիտի, թե ինչպես պետք է մարդկանց սպասարկել:

Բայց, այո՛, այդպես էլ չենք սովորում ներողություն խնդրել, որովհետև համարում ենք, որ միշտ ճիշտ ենք: Չենք կարող սխալվել, որովհետև՝ գիտեք՝ մենք քանի տարվա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, գիտեք՝ ինչե՜ր ենք արել, ուր էին մնացած ազգերը՝ մինչ մենք աշխարհն էինք նվաճում, մինչ Մախաչկալան ու Վլադիկավկազը ոտքի տակ էինք տալիս, այ, եթե մի քիչ էլ բախտ ունենայինք… 

Շարունակում ենք ապրել պատմական հիշողությամբ, որը ժառանգել ենք մեր նախնիներից: Հիշողությունը լավ բան է, պատմությունը չմոռանալը՝ նույնպես, բայց գուցե հենց դա է մեզ խանգարում «քարը թափել փեշներիցս», դուրս գալ ամենալավը լինելու «լծի տակից» ու առաջ ընթանալ: 

Մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրում պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ ինչքան լավ պիտի ապրեին: Կասեք՝ ծով չունենք, տասնյակ երկրներ ծով չունեն, մեկը պատճառ կբերի կլիման, մյուսը՝ լեռները, չորրորդը՝ ժողովուրդը, հինգերորդը՝ բախտը և այսպես շարունակ: Այդպես էլ չենք իմանա՝ ո՞րն է մեր վատ ապրելու իրական պատճառը:

Իսկ գուցե այն, որ մեր քթից այն կողմ ոչինչ չենք տեսնում, մեր սխալ ճիշտն առաջ ենք տանում՝ կարևորագույն հարցեր անտեսելով: Այդպիսին ենք որպես քաղաքացի, այդպիսին ենք որպես քաղաքական գործիչ, գիտնական ու արվեստագետ, ուսուցիչ ու լրագրող, շինարար ու բանվոր: Բոլորը չէ, բայց շատերը: 

Բարձրացել ենք պատվանդանի վրա, այնտեղից փրկչի ու ամենագետի հայացքով նայում ենք աշխարհին: Միայն նայում ենք, պարբերաբար նկատում, թե հարևանի հարսն ինչ լավն է, էլ չենք ասում՝ ախր հարևանս եսիմ ինչ կարողություններ չուներ, ինձանից ավելի խելացի չէր, ո՞նց եղավ, որ ինքը հաջողեց, իսկ ես՝ ոչ: 

Ուղղակի նա շատ դեպքերում գնաց ինքնակատարելագործման, սովորելու, սեփական սխալներից հետևություններ անելու ճանապարհով, իսկ մենք՝ ոչ: 

Երբևէ մեզ հարց տալի՞ս ենք՝ եթե ամենագետ ենք, ինչո՞ւ մեր երկրում ու մեր կյանքում սայլը տեղից չի շարժվում: Ինչո՞ւ չենք կարողանում ճիշտ ու համակարգված որոշումներ կայացնել, ինչո՞ւ, ի վերջո, չենք կարողանում քաղաքացի դառնալ: 

Թող որ ամեն տարի մեծ շուքով նշենք քաղաքացու օրը, հետո ի՞նչ: Տոն նշելով քաղաքացի չեն դառնում: Մեր` լավ մարդ դառնալու օրինակը մեր ընտանիքն է, մասնավորապես՝ ծնողները, իսկ քաղաքացի դառնալու լավագույն օրինակը՝ պետության բարձրաստիճան պաշտոնյաները: Իսկ այսօր ու սրանից առաջ քանի՞ քաղաքական գործիչ է մեզ համար հայրենասեր մարդու և քաղաքական ու պետական այրի օրինակ եղել:

Քանի շուտ է, պետք է գնալ սեփական սխալներն ընդունելու, հետևություններ անելու, քննադատություն լսելու, սեփական ամբիցիաներն առաջ չտանելու ճանապարհով: Վաղը կարող է ուշ լինել, որովհետև վաղը կարող է ուղղակի չլինել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկ Հայկը անհապաղ օգնության կարիք ունի յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ օգնությունը շատ կարևոր է Մուննաթ ու անկարողություն «Հրապարակ». «Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ» «Հրապարակ». «Տրետի պալյոտ նա լունու» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենիսի առաջին առաջնությունը, առաջին հակագազը՝ խաղաղ բնակչության համար Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞ւ հարևաններին ոչինչ չի հաջողվում Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին. «Փաստ» «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն օգուտ չեն տալիս». «Փաստ» Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներում. միայն մայիսին 27,9 տոկոս նվազում կա. «Փաստ» Հպարտ քաղաքացին՝ այսուհետ «տուգանվելու մատերիալ». «Փաստ» Միակ ելքը առանց ավելորդ շոուների և տեսարանների արդյունավետ կառավարում իրականացնելն է. «Փաստ»
website by Sargssyan